կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 10:49
Աշխարհ

ԻՊ ղեկավար ալ Բաղդադիին հնարավոր է եղել գտնել նրա օգնականի շնորհիվ. Reuters

ԻՊ ղեկավար ալ Բաղդադիին հնարավոր է եղել գտնել նրա օգնականի շնորհիվ. Reuters

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին հաջողվել է հայտնաբերել նրա գլխավոր օգնականներից մեկի շնորհիվ. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝  Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին հղումով:

Իսմայիլ ալ Իթավին ալ Բաղդադիի 5 գլխավոր օգնականներից մեկն էր: Դեռևս 2006 թվականին նա միացել էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը, իսկ 2008 թվականին ձերբակալվել ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից և բանտում անցկացրել չորս տարի: Դեպքից հետո ալ Բաղդադին ալ Իթավիին առանցքային դեր էր վստահել, այդ թվում՝  ԻՊ-ի հրամանատարների ընտրությունը:

Այս տարի համատեղ գործողության ընթացքում ամերիկյան, թուրքական և իրաքյան հետախուզական ծառայությունները գերեվարել էին ԻՊ-ի մի շարք անդամների, ներառյալ՝ չորս իրաքցիների և սիրիացիների, որոնք տեղեկություններ էին տրամադրել այն մասին, թե որտեղ են հանդիպել Սիրիայում ալ Բաղդադիի հետ, որից հետո հատուկ ծառայությունները կապվել են ԿՀՎ-ի հետ՝ այդ վայրում հետախուզության ավելի մեծ թվով աշխատակիցներ տեղակայելու նպատակով:

«2019 թվականի կեսերին մեզ համար պարզ է դարձել, որ ալ Բաղդադին իր ընտանիքի և երեք ամենամոտ օգնականների հետ Իդլիբում գյուղից գյուղ է տեղափոխվում»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Դրանից հետո Իդլիբի շուկայում նկատել են օգնական ալ Իթավիին և, նրան հետևելով, բացահայտել ալ Բաղդադիի բնակության վայրը:

«Այդ տեղեկությունները հաղորդվել են ԿՀՎ-ին, և նրանք արբանյակներ ու անօդաչու թռչող սարքեր են կիրառել վերջին հինգ ամիսներին նրանց հետևելու նպատակով»,- հայտնել է աղբյուրը:

Երկու օր հետո Բաղդադին իր ընտանիքի հետ մեկնել է հարևան գյուղ, և, աղբյուրի հաղորդմամբ, դրանք «եղել են նրա կյանքի վերջին պահերը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: