Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Արմմոնո»-ի շրջանակներում ցուցադրվեց 22 ներկայացում, նաեւ առաջին անգամ իրականացվեց «Արմմոնո-դեբյուտ» ծրագիրը, որն ավանդական է դառնալու. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը:
Ըստ նրա` փառատոնին մասնակցելու 20-ից ավելի հայտ էին ստացել եւ, բնականաբար, քանի որ բոլորին չէին կարող եզրափակիչ փուլ մտցնել, մնում էր նոր ծրագիր կյանքի կոչել. «Եվ ստեղծվեց «Արմմոնո-դեբյուտը»: Փառատոնն ինձ համար տոն է դարձել, եւ ես չեմ կարող առանձնացնել որեւէ մասնակցի կամ որեւէ ներկայացում»:
Խմելնիցկիի անվան /Ուկրաինա/ մոնոներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրն էլ նշեց, որ տարեցտարի փառատոնը զարգացում է ապրում, եւ դա քաղաքավարությունից դրդված չէ, որ ասում է: Մազուրի հավաստմամբ, սակայն, փառատոնը դեռ իր զարգացման գագաթնակետում չի գտնվում:
«Ես ոչ մի երկիր, ոչ մի փառատոն չեմ տեսել, որ հանդիսատեսը նման որակ ունենա, լինի երիտասարդ եւ կիրթ: Փառատոնը զարգացում է ապրում, քանի որ մոնոներկայացման ժանրը ծաղկում է Հայաստանում: Օրինակ` այս փառատոնից ես կարող եմ առանձնացնել Նարինե Գրիգորյանին, Լարիսա Ղեւոնդյանին, Մուրադ Ջանիբեկյանին, Ֆրիդո Յորքին, ովքեր հիանալի էին խաղում»,-ասաց Մազուրը եւ հավելեց, որ վերջին շրջանում միտում է նկատվում, որ մոնոներկայացումներում նաեւ երկրորդ անձինք են հայտնվում, թեւ նրանց կերպարը չի զարգանում: «Ես դա բնական եմ համարում. երկրորդ կերպարի, առարկաների, շնչող աքսեսուարների մուտքը մոնոներկայացում հիշեցնում էերեխայի, որը մեծացել է եւ հագուստն արդեն նեղ իր հագով: Պետք է, չէ՞, նոր հագուստ հագցնել այդ երեխային»,- հավելեց Մազուրը: