Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլից հայկական բեռնափոխադրող, արտահանող եւ ներմուծող ընկերությունները չեն կարողանում Վրաստանով բեռներ տեղափոխել Ռուսաստան եւ այլ տրանզիտ երկրներ։ Այս խնդրով այսօր մի քանի բեռնափոխադրող, արտահանող եւ ներմուծող ընկերությունների տնօրեններ կառավարության շենքի առջեւ էին՝ պահանջելով մեկնաբանություն տալ եւ լուծել խնդիրը։
Տեսնելով լրատվամիջոցների կուտակումները՝ բողոքաբեր գործարարներին կառավարություն հանդիպման կանչեց ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետ Հայկ Սիմոնյանը։
Yerkir.am-ի հետ զրույցում «Վան 777» ՍՊԸ-ի՝ կոնյակ, գինի արտադրող, արտահանող եւ ներմուծող ընկերության կոմերցիոն տնօրեն Մարինա Առաքելյանը պատմեց, որ Սիմոնյանն ասել է, թե խնդրից տեղյակ են, բայց լուծման հստակ օր ու ժամ չեն կարող ասել։
«Ասաց, որ ծանոթ է խնդրին, իսկ թե լուծումը ե՞րբ կլինի, ո՞նց եւ որքա՞ն արագ, արդյո՞ք կլինի, թե ՞ոչ, պատասխանել չի կարող։ Ոչ մի գոհացուցիչ պատասխան չտվեց։ Մենք որոշել էինք այսօր հարցը բարձրացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում»,- ասաց զրուցակիցս։
Առաքելյանը շեշտեց՝ ամբողջ խնդիրը վրացական կողմում է։ Մեր հարեւան երկիրը թույլ է տալիս անարգել անցնել միայն թուրքական, ադրբեջանական եւ ղազախական բեռնատար մեքենաներին, իսկ հայկական, ռուսական եւ բելառուսական բեռնատարների համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում։
«Վրացական կողմը, առանց որեւէ բացատրության, մեքենան կանգնեցնում է, ասում՝ սպասեք, կամ էլ հետ են ուղարկում՝ ասելով՝ գնացեք Փոթիով, Թուրքիայով, Իրանով, մեր ճանապարհը ծանրաբեռնված է։ Մենք կառավարության ներկայացուցչին ասացինք, որ արտադրողները տուժում են, աշխատավարձ չեն կարողանում տալ աշխատողներին, քանի որ արտահանում չկա։ Շատ հիմնարկներ վարկ են վճարում, եթե արտահանում չեն կարողանում անել, ինչպե՞ս են վճարելու։ Պայմանագրային բազմաթիվ պարտավորվածություններ ունենք։ Վարորդները, որոնք օրերով կանգնած են այնտեղ, նաեւ նրանց պիտի վճարենք, ինչպե՞ս կարող է մեր երկրի Կառավարությունը որեւէ փոխհատուցում կամ օգնություն չտալ։ Պարզ ասաց, որ՝ կառավարությունը չի կարող ոչ մի փոխհատուցում տրամադրել, ոչնչով չենք կարող ձեզ օգնել։ Մեքենաներ կան, որոնք արդեն 25 օր է՝ կանգնած են։ Օրը 5 հազար ռուբլի ենք վճարում վարորդին։ Ես ընկել եմ պատժամիջոցների տակ, բացի դրանից՝ շուկայից դուրս ենք մղվում․ Հայաստանի համար միակ շուկան Ռուսաստանը եւ Բելառուսն են։ Մոտակա 10 օրից ծիրանը պիտի արտահանվի։ Անցած տարի հիշո՞ւմ եք ինչ արեցին ադրբեջանցիները, այս տարի հայկական ծիրան առհասարակ չի լինի Ռուսաստանում, եթե այս խնդիրը մոտակա 2-3 օրը չլուծվի», -ասաց նա։
Առաքելյանն ավելի վաղ ասել էր, որ այստեղ դավադրություն եւ միտումնավորություն է տեսնում կառավարության կողմից հայ արտադրողի, արտահանողի նկատմամբ։ «Մեր կառավարությունը չի ցանկանում լուծել էդ խնդիրը։ Սա հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ մենք՝ արտադրողներս, բոլորս կողմ լինենք ալտերնատիվ ճանապարհի բացմանը, բայց այդ հարցը նման ճանապարհով լուծում չի ունենալու։ Մենք չենք հավատում մեր Կառավարությանը և նրա ասածներին։ Մենք ուզում ենք, որ մեր շուկաները, որտեղ ամրապնդված է եղել հայկական արտադրանքը, մնան, բայց Վրաստանը սանկցիաներ է կիրառում, որ մենք չլինենք այդ շուկաներում։ ՀՀ կառավարությունը Ադրբեջանի, Թուրքիայի նման միջոցներ գտնի Վրաստանի հետ ընդհանուր հայտարարի գալու»,- ասել էր նա։
Տե՛ս նաեւ
Դավադրություն հայ արտադրողի նկատմամբ․ բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ՌԴ