կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 09:57
Առանց Կատեգորիա

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են, և սրանց հայ լինելուց պարզապես մի չնչին հիշատակ է մնում. քահանա

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են, և սրանց հայ լինելուց պարզապես մի չնչին հիշատակ է մնում. քահանա

ՀԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի բան պատմեմ...
Այսօր մի կին եկավ զրուցելու, լացելով պատմեց, որ մեկ օր առաջ իր հայրիկին են թաղել: Հայրը և մայրը հայ են եղել, ինքը և քույրը արդեն ամուսնացած են վրացու հետ և կրկնամկրտվել են Վրաց Ուղղափառ եկեղեցում: Խնդրում էր, որ իր հայրիկի համար հոգեհանգիստ կատարեմ: Ասում էր, քանի որ հայրս ՙՙգրիգորյան է՚՚ վրաց եկեղեցին չի անում հոգեհանգիստ, խնդրում եմ դուք արեք: Ասեցի շատ լավ, մինչ հոգեհանգիստը կուզենամ, որ մի քանի բան իմանաք: Նախ մեր եկեղեցին ,,գրիգորյան՚՚ չէ և Առաքելական է ու մնացածը պատմեցի, երկրորդ՝ որ իր կրկնամկրտությունը մեծ մեղք է եղել իր և իրեն մկրտող հոգևորականի կողմից: Պատմեց, թե ինչպես են իրեն համոզել, որ Հայ եկեղեցու մկրտությունը անվավեր է, քանի որ մենք հերետիկոս ենք և այլն: Այդ մասին շատ էի լսել, բայց ահա այսօր լսեցի ևս մի նոր ցնդաբանություն: Պարզվում է, որ վրաց հոգևորականի պատմական գիտելիքները փայլատակել են ասելու, որ թուրքական լծի տակ հայերի առաջ երկընտրանք է եղել՝ կամ ուրանալ հավատքը, կամ լեզուն:

Հայերը չեն հրաժարվել լեզվից և մասամբ ուրացել են ուղղափառ հավատքը և Քրիստոսին ընդունում են որպես միայն Աստված, որպես ճշմարիտ մարդ չեն ընդունում, միաբնակ են և այլն: Այս կնոջն ու իր նմաններին այսպիսի բազմաթիվ ստեր հորինելով՝ վերամկրտում են, և սրանց հայ լինելուց պարզապես մի չնչին հիշատակ է մնում: Իհարկե բավականին հանգամանալից պատմեցի ու բացատրեցի, թե ինչպես են իրեն խաբել, ինչ մեղքի մեջ են քցել, ինչպես ես ստի միջոցով սեփական պապերի ու նախնիների սուրբ հավատքի դեմ տրամադրել: Խեղճ կինն ընկավ մեծ շփոթմունքի մեջ: Իհարկե կատարեցի նաև հոգեհանգիստը, բայց մտքիս մեջ նրա հայրիկի հոգու համար աղոթելով հանդերձ, մեղադրում էի այդ ամենի համար հենց առաջին հերթին այդ հայրիկին, ոչինչ չի փոխանցել իր զավակներին հայ լինելու մասին, ոչ լեզու, ոչ պատմություն, ոչ հավատք, և հետևանքը սա է: Աստված թող ողորմի իրեն իհարկե, բայց ակամայից հիշեցի այն իմաստուն խոսքը, որ լավ հայը նա չէ, ում ծնողները հայ են և ինքն էլ հայկական անուն ազգանուն ունի, այլ նա, ում երեխաներն են հայ:

Սա հազարավոր դեպքերից միայն մեկն է, կներեք երկար ստացվեց, հուսամ կկարդաք:»