կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 19:29
Տնտեսական

Կառավարությունը տասնյակ միլիարդներ է ծախսում սուբսիդիաների վրա, բայց դրա արդյունքը գյուղատնտեսության անկումն է. Սուրեն Պարսյան

Կառավարությունը տասնյակ միլիարդներ է ծախսում սուբսիդիաների վրա, բայց դրա արդյունքը գյուղատնտեսության անկումն է. Սուրեն Պարսյան

«Եթե պաշտոնական վիճակագրությանը նայենք, ապա միջին անվանական աշխատավարձն աճել է 6.3-6.7%-ի չափով, նպաստներն ու թոշակները չեն ավելացել, այս պահին 7 ամսվա տվյալներով ունենք պաշտոնական 7.1% գնաճ և նոյեմբերին գնաճ կա՝ ոչ միայն նախորդ տարվա, այլ նաև հոկտեմբերի համեմատ»,- պատասխանելով բնակչության կենսամակարդակի վրա դրամի արժեզրկման և գնաճի ազդեցության մասին Panorama.am-ի հարցին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ հիշատակված բացասական միտումները շարունակական են և դրանք ազդում են մարդկանց եկամուտների, կենսամակարդակի վրա, առավել ևս, որ գնաճն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա բավականին բարձր է:

«Խոսքը հիմնականում գնում է թանկացած սննդամթերքի՝ շաքարավազի, ալյուրի, ձեթի, բանջարեղենի մասին: Այսինքն, մարդիկ իրենց եկամուտների հիմնական մասն օգտագործում են հենց այս ապրանքների ձեռքբերման համար, նրանք չեն կարող այս ապրանքներից հրաժարվել, այնպես չէ, որ, օրինակ, գրիչն է թանկացել և նրանք հրաժարվեն այն գնելուց: Անկախ նրանից, թե այդ ապրանքները որքան են թանկանում, միևնույնն է նրանք դրանք գնելու են, թեկուզ՝ ի հաշիվ այլ ապրանքների»,- հայտնեց բանախոսը:

Սուրեն Պարսյանի ներկայացմամբ՝ Հայաստանում այս տարի արձանագրվել է կենսամակարդակի հստակ նվազում, եթե աղքատության մակարդակը 2018թ. 23 % էր, 2020-ին 27%, ապա 2021-ին աղքատության ցուցանիշն էլ ավելի է աճելու՝ հատկապես ծայրահեղ աղքատությունը և ստորին գծի աղքատությունը, քանի որ 2021 թվականին չի վերանայվել թոշակներն ու նպաստները:

«Հետևաբար՝ 2021թ-ին ունենալու ենք աղքատության հստակ աճ, որի ցուցիչն է նաև Հայաստանից շարունակվող արտագաղթը: Պաշտոնական վիճակագրությամբ 146 հազար մարդ դուրս է եկել Հայաստանից, այն մեկնողների և ժամանողների տարբերությունն է և այս գործընթացը շարունակվելու է նաև հաջորդ տարվա ընթացքում»,- հայտնեց տնտեսագետը:

Պատասխանելով գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակի և այնտեղ պետության վարած քաղաքականության մասին հարցին՝ տնտեսագետն ասաց. «Խիստ մտահոգիչ է, որ գյուղոլորտն է անկում գրանցել՝ 9 ամիսների հաշվարկով 1.5% անկում ունենք և ակնհայտ է, որ հոկտեմբեր-նոյեմբերին շարունակվելու է այդ անկումը: Սրա պատճառով է նաև, որ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի գները թանկանում են, դրանք այնքան էլ ներկրվող ապրանքներ չեն»:

Պնդելով, որ գյուղմթերքի գների թանկացումը պայմանավորված է նրանով, որ Էկոնոմիկայի նախարարությունը չի կարողացել ժամանակին գյուղատնտեսական ծրագրերն ամբողջ ծավալով կյանքի կոչել՝ Սուրեն Պարսյանն ասաց. «Իշխանությունները բարձրագոչ հայտարարում են, որ մեծ գումարներ են ծախսել գյուղատնտեսության սուբսիդավորման և այլ ուղղություններով, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է: Կառավարությունը մի քանի տասնյակ միլիարդ դրամ է ծախսում սուբսիդիաների վրա, բայց դրանց արդյունքը գյուղատնտեսության անկումն է: Ակնհայտ է, որ այդ ծրագրերը ձախողված են, պետք է հրաժարվել բանկերի միջոցով տնտեսության ֆինանսավորումից»:

Աղբյուրը՝ Panorama.am