կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 20:52
Իրավական

Ոստիկանությունը բացահայտել է Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանությունը բացահայտել է Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 

Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում: Դրա հիման վրա ստանալով համայնքի ավագանու համաձայնությունը՝ 60 հա մակերեսով նշված հողատարածքը ներկայացրել է աճուրդի, ինչից հետո չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների կարգը և ձևական աճուրդ կազմակերպելով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի որդուն օտարել է 486.000.000 դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսով՝ 153.300.000 դրամով:
Բացի այդ, նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտվելով տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինության անգործությունից, Ջերմուկ համայնքի Հեր-Հեր գյուղի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինությունը նախագծով և նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքները կատարել է մասնակի և կազմելով իրականությանը չհամապատասխանող կեղծ կատարողական ակտեր՝ համայնքի ֆինանսական միջոցներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.450.000 դրամ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: