կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 14:10
Հասարակություն

Անպարկեշտ պահվածք. Գագիկ Մինասյանը` Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիայի մասին

Անպարկեշտ պահվածք. Գագիկ Մինասյանը` Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիայի մասին

Հիմարությոուն է, անպարկեշտ պահվածք. լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի իրականացրած ակցիային:

«Խորհրդարանն ունի իր գործելաոճը, և ցանկացած պատգամավոր, ով հարգում է իրեն ու իր գործընկերներին, պետք է հետևի այդ գործելաոճին: Այն, ինչ նրանք արեցին, խորհրդարանին վայել պահվա՞ծք էր, իհարկե, դա անվայել պահվածք է: Խորհրդարանում խոսում են և ելույթներ ունենում: Այդ վառվող սարքի` խորհրդարանում օգտագործելը հիմարություն է, անթույլատրելի է: Նրանց դրած խորհուրդն իր էությամբ հիմարության խորհուրդ է. ազատության ջահն էլ իր վառելու տեղն ունի»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` «Իմ քայլը» ակցիային և Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքին` պատգամավորն ասաց, որ այն ամենը, ինչ արվում է օրենքի սահմաններում ցանկացած քաղաքական ուժի կողմից, ողջունելի է:

Հարցին` Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի` ԱԺ դահլիճում իրականացրած ակցիան օրենքի սահմաններում չէ՞ր, նա պատասխանեց. «Իհարկե` ոչ, կան նորմեր, կան կանոններ, որոնք գրված են ոչ միայն թղթերի վրա: Այդ պահվածքն անթույլատրելի է»:

Հարցին` ի՞նչ կանի, եթե իր բնակարանի մուտքը շրջափակված լինի քաղաքացիներով, քանի որ Փաշինյանը հայտարարել է` նպատակ ունեն շրջափակել ԱԺ շենքը և պատգամավորների առանձնատները, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել վարչապետի ընտրությանը, Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքացու տեղաշարժի իրավունքը սահմանափակելը անթույլատրելի է: Ես կասեմ նրանց, որ դա անթույլատրելի է, իսկ իրավապահ մարմինները կհետևեն, որ անթույլատրելի բաներ տեղի չունենան»: