Ռումինական ALDE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք) խորհրդարանական դաշինքի հայ պատգամավոր, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի գլխավոր խորհրդին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Ռումինիայի խորհրդարան ներկայացված՝ Հրեաների ցեղասպանության թանգարանի հիմնման օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Ոսկանյանը նշել է, որ խորհրդարանական խմբակցությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ պետք է օրակարգ բերեն:
Նշենք, որ ALDE դաշինքը ռումինական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում ունի 20, իսկ Սենատում՝ 9 պատգամավոր: Խորհրդարանում, բացի Վարուժան Ոսկանյանից, կան ևս 2 հայ՝ Վարուժան Փամբուկչյանը և սոցիալ-դեմոկրատների ցուցակով ընտրված Լուչիան Էդուարդ Սիմիոնը: