կարևոր
3361 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-18 16:48
Քաղաքական

Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է հանձնաժողովի` Թուրքիայի վերաբերյալ հաշվետվության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։

Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության շահերից։

Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի եւ երկու երկրների միջեւ սահմանի բացումը, եւ ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում։

Փաստաթղթում Թուրքիային ուղղված եւս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։