կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 18:00
Տնտեսական

Շահութահարկն ու ֆիսկալ կտրոնները՝ գլխացավանք բեռնափոխադրողների համար (տեսանյութ)

«Ջրով չի կարող գնալ մեքենան, պիտի սոլյարկա ծախսի». Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասում է ՀՀ միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ու անհասկանալի համարում օրենսդրական փոփոխությունից հետո վառելանյութի դիմաց ստացած կտրոնները չընդունելու փաստը:

«Երևանից Մոսկվա 1000 լիտր ծախսվում է, դա կարող է լինել 45 ռուբլի, կարող է լինել 42 ռուբլի, գնի մեջ կարող է տատանում տալ, բայց որ 1000 լիտր սոլյարկա է ծախսվում Երևանից Մոսկվա, դա փաստ է: Որ խնդրես էլ՝ ջրով չի կարող գնալ, ասենք՝ փոխադրողը ցույց տա իբր սոլյարկա է գնել, բայց ինքը ջրով է գնացել: Հիմա մենք կառավարությանը խնդրեցինք, որ այդ դիզելային վառելանյութի բերած կտրոնները հաշվի առնեն»,- նշում  է  Հերբերտ Համբարձումյանը:

Բանն այն է, որ նախկին՝ հաստատագրված վճարի փոխարեն այժմ պետք է շահութահարկ վճարեն: Դա նշանակում է եկամուտներից հանել ծախսերն ու մնացած գումարի տոկոսը մուծել պետությանը: Ծախսերը, սակայն, բեռնափոխադրողները չեն կարողանում հիմնավորել, քանի որ հարկային մարմինները արտերկրի խանութների տրամադրած կտրոնները որպես ֆիսկալ փաստաթուղթ չեն ճանաչում:

«Դե պարզ է՝ պիտի փաստաթուղթ ունենաս, բայց դու ի՞նչ իմանաս՝ քո ստարտերը Վլադիկավկազո՞ւմ է փչանալու, Դոնի Ռոստովո՞ւմ, թե՞ Մոսկվայում, որ նախօրոք պայմանագիր կնքես այնտեղի սերվիսների հետ, որ կարողանաս այդ թղթերը վերցնել»,- մտահոգվում է ասոցիացիայի նախագահը:

Բեռնափոխադրողները վրդովված են՝ ավտոտրանսպորտային փոխադրումների 90 տոկոսը Ռուսաստանի հետ է. 2000 կմ Ռուսաստանի տարածքում  են վարում՝ մինչև Մոսկվա, 300  կմ՝ Հայաստանի տարածքում: Այնտեղ իրենց նորոգումները, վառելիքը և սպասարկման այլ ծախսեր կատարում են, խանութները կտրոններ են տրամադրում, բայց դրանց մեջ նշված չեն ընկերության անունն ու մեքենայի համարը, այս պատճառով էլ Հայաստանի հարկային մարմիններն այդ կտրոնները չեն ճանաչում իբրև ֆիսկալ փաստաթուղթ, եկամուտից ավելի քիչ գումար են հանում, շահութահարկը անհամեմատ մեծ է ստացվում:

Միջազգային փոխադրողների ասոցիացիան ՀՀ կառավարությանը խնդրել է, որ խանութների այդ կտրոնները ևս հավաստի համարեն: Տարեսկզբից լուրի են սպասում:

Նախկին՝ հաստատագրված գումարով աշխատելը բեռնափոխադրողների համար հեշտ էր, հարկերը թաքցնելը՝ դժվար, բայց փոխեցին կարգը:

Ամիսներ առաջ էլ, մեկ այլ փոփոխությամբ, ճանապարհային հարկ էին սահմանել միջազգային բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների համար:  Եթե նախկինում  1 բեռնատար մեքենայի համար ամսական վճարում էին 15 հազար դրամ՝ (աշխատելու դեպքում, եթե չէր աշխատում՝ չէին վճարում), ապա փոփոխությունից հետո  իրենց ներկայացրին, որ պետք է վճարեն տարեկան 1000 դոլար: «Դա, նախ, 2-3 անգամ ավելի շատ էր, քան մուծել էինք նախկինում, բացի դա՝ հասկացանք, կարելի էր թանկացնել, բայց կարելի էր դա անել ճիշտ. եթե 2-3 ամիս կանգներ, չքշեինք, ինչո՞ւ պիտի 1000 դոլար վճարեինք մեքենայի համար, որը չի աշխատել»,- անհանգստացել էին փոխադրողները ու խնդրել՝ վերացնել ճանապարհի հարկը: Այդպես էլ արեցին՝ հետ փոխեցին, նախորդ կարգավորումներին անցան:

Հիմա էլ՝ շահութահարկի հարցում: Միջազգային փոխադրողները զարմանում են՝ ինչպե՞ս կարելի օրենսդրական այդ կարգի փոփոխություններ անել՝ առանց խորհրդակցելու ոլորտից տեղյակ մարդկանց հետ: «Թող մեզ հետ խորհրդակցեն, մենք վնաս չենք տա իրենց, մենք կասենք՝ էսպես է, կընդունեք՝ լավ, չեք ընդունի՝ ձեր գործն է»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.