Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, որը ՍԴ դատավորի թեկնածու էր, սակայն չհավաքեց բավարար թվով քվե ԱԺ-ում, Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։
Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող անհատական հիմք է (այսինքն՝ այդ հատկանիշը պիտի առկա լինի կոնկրետ անձի մոտ արդեն հանցանքը կատարելուց ԱՌԱՋ), գիտեն գոնե քրեական իրավունքի մասնագետները։
Անձեռնմխելիությունը մի արտոնություն է, որը ոչ թե «վարձատրություն» է, այլ պիտի ծառայի մի որոշակի նպատակի։ Քաղաքական անձեռնմխելիությունը պիտի պաշտպանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ մանդատ ունեցողներին գործադիր իշխանության կամայականություններից։
Օրինակ՝ խորհրդարանը պիտի գործի անխոչընդոտ, եւ պատգամավորական անձեռնմխելիության նպատակն է արգելել, որ գործադիր իշխանությունը տարբեր պատրվակներով ձերբակալի ու այլ կերպ հետապնդի պատգամավորներին՝ այդ եղանակով խոչընդոտելով խորհրդարանի գործունեությունը։
Պետության գլուխն օտար երկրում օգտվում է միջազգային-իրավական անձեռնմխելիությունից։ Այլ պետությունների դեսպաններն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից հյուրընկալող երկրում։ Եվ այս ամենը հարյուրամյակների իրավական ավանդույթ է ու վիճելի չէ։
Դիվանագիտական անձեռնմխելիությունը պաշտպանում է անգամ քաղաքացիաիրավական հայցերից։ Միջպետական հարաբերություններն ունեն առաջնություն։ Միայն Բեռլինում դիվանագիտական անձեռնմխելությունից օգտվող անձանց կողմից ամեն տարի կատարվում են մի քանի տասնյակ հազար իրավախախտումներ, որոնք անհետեւանք են մնում։ Դատարանները քննության չեն ընդունում նաեւ նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը։
Այսպիսով, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման, հարյուրամյակների պատմություն ունի, ու ՀՀ ՍԴ-ն այս հարցում ոչ մի նոր բան չի ասել։ Դա այդպես է։
Ինձ համար անհասականալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջագային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։ Հիմա․
Հարց 1․ Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։
Հարց 2․ ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարեւորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։
3․ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ․ ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։
Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որեւէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձեւակերպումը («․․․չնախատեսելու մասով ճանաչել․․․․ անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «․․․չնախատեսելու մասով․․․» ձեւակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, եւ որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։ Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել»: