Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում ունեցան Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչների հետ: ՀՅԴ-ական, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ելույթում նշեց, որ իրենք առաջարկում են երկրի վիճակը փոխելու խաղաղ ճանապարհ, որը զերծ է արյունահեղությունից:
«Մեր երկրում իսկապես փոփոխությունների կարիք կա: Եթե փոփոխություն, ապա պետք է լինի համակարգային: Միայն անձերի փոփոխությամբ որևէ լուրջ ու արմատական փոփոխություն չի կարող լինել, իսկ ցանկացած անձի փոփոխություն, այս վիճակի մեջ որևէ բեկում չի մտցնելու»,- ասաց Պարսյանը՝ հավելելով. «Սահմանադրության փոփոխության միջոցով փորձում ենք մեր երկրում դրական տեղաշարժ անել: «Ոչ»-ի քարոզիչներն էլ թող փորձեն փողոցային անհնազանդության միջոցով հասնել իշխանափոխության: Նրանք մարդափոխությամբ են զբաղվում, ոչ թե իշխանափոխությամբ: Իրենք ուզում են Սերժ Սարգսյանին փոխարինել իրենց Սերժ Սարգսյանով: Իրենք նոր, արդյունավետ համակարգ ստեղծելու հարց իրենց առջև չեն դրել: Իրենք ասում են՝ եկեք մեր մարդուն դնենք, մեր մարդը լավ կաշխատի: Մեր երեք նախագահների կառավարման տարիների փորձը ցույց տվեց, որ մենք ինչքան նախագահ ենք փոխել, համակարգը ինչպես վատ աշխատել է, այնպես էլ շարունակում է աշխատել»:
ՀՅԴ ներկայացուցիչը Կողբի բնակիչների ուշադրությունը հրավիրեց բարեփոխված Սահմանադրության նախագծում զետեղված 15-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հայկական մշակույթին, կրթությանը, գիտությանը վերաբերող հարցեր: «Այս Սահմանադրության 15-րդ հոդվածով սահմանվում է, որ պետությունը խթանում է կրթության, մշակույթի, գիտության զարգացումը, ինչպես նաև այն, որ հայոց լեզվի տարածումը, մեր պատմական ժառանգության պահպանումը պետության հովանավորության և պաշտպանության ներքո է գտնվում: Շատ կարևոր է, որ նոր Սահմանադրության մեջ սահմանվում է հայոց լեզվի և պատմական ժառանգության պահպանումը բարձր հոգածության ներքո վերցնելը` նաև Հայաստանի սահմաններից դուրս»,- ընդգծեց Պարսյանը:
Նա անդրադարձավ նաև բարեփոխված Սահմանադրության այն դրույթին, որը վերաբերում է հայկական ընտանիքների ամրապնդման երաշխիքներին: «35-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսնական տարիքին հասած կինը և տղամարդը միմյանց հետ ամուսնանալու և երեխաներ ունենալու իրավունք ունեն: Այս կետի միջոցով վերանում են բոլոր այն խոսակցությունները, որոնք վերաբերում են միասեռ ամուսնություններին: Սահմանադրևական երաշխիքներ են դրվում հայկական ընտանիքի ամրապնդման, հայկական ընտանիքի պահպանման համար: Սա իրականում շատ կարևոր խնդիր է՝ գլոբալացման այս դարաշրջանում»,- ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը: