կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 17:00
Առանց Կատեգորիա

Վերանում է նաեւ ջավախահայությանը ՀՀ-ի հետ կապող օղակը

Վերանում է նաեւ ջավախահայությանը ՀՀ-ի հետ կապող օղակը

ՀՀ սփյուռքի նախարարության կրճատման թոհուբոհում առաջացող ազգային-քաղաքական և սոցիալական խնդիրների շարքում հարկ ենք համարում անդրադառնալ հույժ կարևոր մի խնդրի` ջավախահայության հիմնահարցին: Փաստենք, որ նախարարությունն ունի մի օղակ` Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը, որը, Թուրքիայի, Հյուսիսային Կովկասի ինքնավար կազմավորումների և Վրաստանի հայկական համայնքների շարքում, այս կամ այն կերպ համակարգում էր նաև ջավախահայության հոգևոր-մշակութային կապը ՀՀ-ի հետ: 

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները, հայտնի գործիչներ և շահագրգիռ այլ շրջանակներ բազմիցս պահանջել են ՀՀ իշխանություններից` Ջավախքի ուղղությամբ հանդես գալ հայեցակարգային մոտեցումներով, այդուհանդերձ, տարբեր պատճառներով սայլը մինչ օրս տեղից չի շարժվել, և ջավախահայությանը հուզող հիմնահարցերը ՀՀ-ի կողմից արծարծվել են կառավարական միջին օղակի այսպիսի վարչություններում կամ բաժիններում: Նախորդ շրջանում Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) դպրոցներին ՀՀ-ի կողմից դասագրքեր են տրամադրվել ԿԳ նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի միջոցով, իսկ սփյուռքի նախարարության կայացումից հետո այդ գործառույթն անցել է նշյալ նախարարությանը: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարության նշյալ ստորաբաժանմանը, ապա վերջինս ներկայումս նախաձեռնում է կրթական ոլորտին առնչվող համահայկական բնույթի միջոցառումներ (խորհրդաժողովներ, օլիմպիադաներ և այլն), որոնց մասնակցում են նաև Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները: 

Փաստորեն, վերջին տարիներին, Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) հայ ազգաբնակչության հոգևոր կարիքները քննարկել, գնահատել, հաշվառել և, հանձին Սփյուռքի նախարարության, պետությանն է ներկայացրել նույն նախարարության համապատասխան օղակը: 

Որպես նախապատմություն` փաստենք, որ ՀՀ-ի կողմից Ջավախքին հատկացվող օժանդակությունը 1990-ական թթ. ի վեր համակարգվել է մի քանի կազմակերպությունների միջոցով: Դրանց շարքում, որպես պետական օղակ, հանդես էր գալիս ՀՀ կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչությունը, որն ստեղծվել էր 1990-ական թթ. սկզբներին և համակարգում էր Արցախին և Ջավախքին (Վրաստանին) առնչվող մի շարք հարցեր` այդ շրջանակներում համակարգելով նաև ՀՀ-ի կողմից Ջավախքում իրականացվող ծրագրերը: Ռ. Քոչարյանի օրոք այս հիմնարկը վերանվանվեց Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, գոյատևեց մինչև 2000-ական թթ. սկիզբը: Վերջինիս ղեկավար, ջավախահայ գործիչ Ս. Մարգարյանն այնուհետև հանդիսանում էր նույն հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը: Նա աշխատանքից ազատվեց, և այս ոլորտը վերջնականորեն կառավարության կողմից անտեսվեց վարչապետ Տ. Սարգսյանի օրոք:

Որպես պետական ստորաբաժանում, որն այս կամ այն կերպ կարող էր առնչություն ունենալ Ջավախքին, ԱԳ նախարարության Սահմանակից երկրների վարչությունն է, որն ունի Վրաստանի բաժին: Չնայած վերջինիս գործառույթների մեջ մտնում է Վրաստանի նկատմամբ ՀՀ քաղաքականության մշակումը, առաջնահերթությունների սահմանումը, քաղաքական երկխոսության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ու առևտրատնտեսական հարաբերությունների, կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձևավորումը, ինչպես նաև ՀՀ-ի համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկանքների և վերլուծությունների կազմումը, այդուհանդերձ, Ջավախքում առաջին անգամ են լսում այս ստորաբաժանման գոյության մասին: Հետևաբար` այս բաժնի աշխատանքները կամ եղել են անարդյունավետ, կամ` գերգաղտնի, կամ էլ որևէ կերպ չեն առնչվել ջավախահայության խնդիրներին: ԱԳՆ-ի կայքում նշված է, որ վերոնշյալ ստորաբաժանումը մշտական կապի մեջ է Վրաստանում ՀՀ, ինչպես նաև Երևանում Վրաստանի դեսպանությունների հետ:

Խոսելով Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատանքների մասին` պետք է փաստել, որ դեսպան Ռ. Սադոյանի օրոք դրանք բավականին աշխուժացել են, և նոր դեսպանի կողմից փորձ է արվում որոշակի շունչ հաղորդել տարիներով անգործության մատված այս կառույցին: Այդուհանդերձ, բազմիցս ենք նշել, որ Վրաստանն առանձնահատուկ երկիր է: Վրաստանի հարավային ողջ երկայնքով թուրքական գործոնի օրավուր ակտիվացման պայմաններում Ջավախքի խնդիրն այսօր անմիջականորեն առնչվում է ՀՀ անվտանգությանը` ինքնաբերաբար վերածվելով ՀՀ սահմանակից միակ քրիստոնյա օջախի: Ջավախքի խնդիրն, այսօր, սոցիալ-տնտեսական, ազգային-քաղաքական երանգավորումից անցում է կատարել դեպի քաղաքակրթական հարթություն. այն տարածաշրջանում քրիստոնեական քաղաքակրթության հարատևման առանցքային երաշխիքներից մեկն է այսօր, եթե ոչ` ամենագլխավորը:

Հետևաբար` այս ընդգրկուն, բազմաշերտ և բազմաբովանդակ հարցերի կարգավորումը, որոնց համար անհրաժեշտ են պետական ինստիտուտներ և մասնագիտացված գերատեսչություններ, սպասել Վրաստանում ՀՀ դեսպանատնից` իրատեսական չէ:

Մենք այստեղ խոսում ենք խնդրո առարկա ոլորտին առնչվող պետական մարմինների գործառույթների մասին, և պետության հետ այս կամ այն կերպ համագործակցող բարեգործական միությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև կրոնական հաստատությունների` նշյալ ուղղությամբ տարվող աշխատանքների խնդիրը դուրս է մեր քննարկման տիրույթից:

Պետք է փաստել, որ ջավախահայությանը հուզող հիմնահարցերի` որպես ՀՀ անվտանգությանն առնչվող գործոնների, հանդեպ պետական հայեցակարգի և մշակված գործողությունների բացակայության, նշյալ խնդիրների շարունակական անտեսման կամ շրջանցման, ինչպես նաև բացասական այլևայլ իրողությունների առկայության պայմաններում, պետական միջին և եզակի օղակ է հանդիսացել ՀՀ սփյուռքի նախարարության վերոնշյալ ստորաբաժանումը: Աշխատակիցների նվիրումի շնորհիվ այն այսօր դրական կերպով է ընկալվում Ջավախքում, Թիֆլիսում և այլուր:

Մեծ վերապահումներով մոտենալով ջավախահայությանը սփյուռք համարելու իրողությանը, այդուհանդերձ, Ջավախքի մեր հայրենակիցները փաստում են, որ Սփյուռքի նախարարության կրճատմամբ կվերանա նաև պետական այն օղակը, որը, վերջին շրջանում, վերածվել էր ջավախահայության խնդիրների արծարծման և լուծման ուղիների որոնման թեև փոքրիկ, բայց հաճելի ու օգտակար միջավայրի: Պարզորոշ է, որ ԱԳՆ-ի կազմում ստեղծվելիք վարչության շրջանակներում այլևս անհնար է լինելու վերակազմավորել նման օղակ: Փաստորեն, եթե այլ երկրների հայկական համայնքների պարագաներում պետության հետ կապի գործառույթները ինչ-որ չափով կարող են ԱԳՆ-ի միջոցով իրենց վրա վերցնել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ապա ջավախահայության դեպքում, ելնելով ոլորտի վերոնշյալ առանձնահատկություններից, այդ խնդիրը բաց է մնում: Մյուս կողմից, եթե նշյալ վարչության գործառույթները վերաբաշխվեն և հանձնվեն այլ գերատեսչությունների, ապա այստեղ էլ կվերանա վիրահայության (հատկապես` ջավախահայության) կարիքների գնահատման և հաշվառման կենտրոնացված կերպով իրականացման գաղափարը:

Ամփոփենք. Սփյուռքի նախարարության վերացմամբ վերանում է նաև պետական այն փոքրիկ (թերևս` վերջին) օղակը, որը այս կամ այն կերպ ամբարում էր Ջավախքի հոգևոր-մշակութային կարիքները, և, որի միջոցով ջավախահայությունը հոգևոր-մշակութային կապ էր հաստատում ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ: Այդ օղակի վերացմամբ ոտնահարվում է նաև ջավախահայության խնդիրներին պետականորեն համակարգված մոտեցում ցուցաբերելու գաղափարը: ՀՀ նոր իշխանությունները, փոխարենն, առայժմ ոչինչ չեն առաջարկում, իսկ իրագործվող կառուցվածքային փոփոխություններում որևէ իրատեսական կամ խոստումնալից զարգացումներ չեն ուրվագծվում:

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ