կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-24 20:00
Առանց Կատեգորիա

30 տարվա մեջ մտավորականի խմոր հունցվել է, բայց մտավորական չի թխվել. Սպարտակ Ղարաբաղցյան

30 տարվա մեջ մտավորականի խմոր հունցվել է, բայց մտավորական չի թխվել. Սպարտակ Ղարաբաղցյան

Հավատարիմ Համազգային հայ կրթական և մշակութային միության գաղափարախոսությանը` տեր կանգնել մշակութային ժառանգությանը, հարստացնել այն, վերականգնել մոռացվածը ու փոշոտված էջերը. հուլիսի 11-ին, Համազգայինի Արցախի գրասենյակի և Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախաձեռնությամբ, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կազմակերպվել էր Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախը մեր հասարակության այն հատվածն էր, որը մշակութային հոգևոր կյանքից կտրված էր 70 տարի: Ըստ նրա` Արցախը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր տարածք է, իսկ Համազգայինն իր գործունեությամբ նաև հոգևոր տարածքը վերականգնելու խնդիր ունի:

«Տարեգիրը, որ հենց «Համազգային» էլ կոչվում է, արձակ ու չափածո գործերի յուրօրինակ հավաքածու է: Շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Տիգրանակերտում` հին ամրոցի բակում, մասնակցում էին հեղինակները: Ի դեպ, նաև նոր անուններ կան: Մինչև հիմա Հայաստանում շատ ամսագրեր են տպագրվել, բայց «Համազգային»-ն առանձնահատկություն ունի, այն է` հանդես գալ որպես գրական-գեղարվեստական հանդես: Հոկտեմբերին, երբ Լիբանանում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության լիագումար նիստը, բարձրաձայնելու ենք գրական-գեղարվեստական հանդես ունենալու պահանջ-առաջարկի մասին: Մտածում ենք` այն եռամսյակային պարբերական կլինի, այսինքն` տարեկան 4 անգամ կտպագրվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Դառնալով մտքին, թե այսօր ո՛չ գրականություն կա, ո՛չ մտավորականություն, Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց` ինչ-որ բանի շուրջը պետք է հավաքել մտավորականությանը: Հիշեց` խորհրդային տարիներին, երբ տպագրվում էր «Գարուն» ամսագիրը, այն իր շուրջն էր համախմբում երիտասարդությանը, և հենց այդտեղ էլ հունցվեց մտավորականի ազնիվ խմորը:

«Ես չեմ ուզում միայն հիշողություններով խոսել: Ուզում եմ, որ այսօր այդ ավանդույթները վերականգնվեն, «Գարուն»-ի բացը լրացվի: Երեսուն տարվա մեջ ստեղծագործողների համար լուրջ հարթակ չկարողացանք ստեղծել, իսկ ինչքա՜ն շնորհալի երիտասարդներ ունենք: Պատկերավոր ասած` թոնրատանը հավաք չեղավ, թոնրի շուրջը հավաք չեղավ, իսկ մեր ամսագիրը նաև այդ առաքելությունը պետք է ունենա: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա հիշեցնեմ, որ «Բագին» ամսագիրը երկար տարիներ Սփյուռքում է տպագրվել ու շարունակում է տպագրվել, բայց այն մի տեսակ կիսատ է մնում, քանի որ Հայաստանում դրա արձագանքը չկա: Մենք միշտ ասում ենք, որ գրականությունից փակ էջեր չենք ունեցել, բայց ինչո՞ւ պետք է փակ էջեր ունենայինք, երբ Սփյուռք ու Սփյուռքում ձևավորված մտավորականություն ունենք: Այն, ինչ Հայաստանում, հատկապես` խորհրդային տարիներին, չէր տպագրվում,  Սփյուռքում տպագրվում էր: Սփյուռքն այդ հարցում նույնպես մեծ դերակատարություն է ունեցել: Բայց հիմա, երբ ամեն ինչ բաց է, մենք այդքան անտարբեր ենք գրականության նկատմամբ: Իսկ անտարբերությունը հետևանք է հոգևոր իմաստով հավաքատեղի չունենալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ղարաբաղցյանը համոզված է, որ բոլոր իշխանություններին էլ ձեռնտու է ծառայամիտ մտավորականություն ունենալը, բայց բոլոր իշխանություններն էլ հոգու խորքում ուզում են ունենալ ընդդիմադիր, նորմալ մտավորականություն:

«Այստեղ երկրի ուժեղության խնդիրը կա: Ո՞վ չի ուզենա, որ, օրինակ, Հրանտ Մաթևոսյանի տեսակը շարունակող մտավորականություն  ունենա: Ո՞վ չի ուզենա, որ Վիկտոր Համբարձումյանի տեսակը շարունակող գիտնական-մտավորականություն ունենա: Այդ շարունակականությունն ընդհատվել է: Մտավորականությանը «գնելը» եղել է միշտ, բայց պետք է այնքան թանկ լինի նրա գինը, որ նրան գնելու ռիսկ չանեն ու այդքան գումար չունենան: Եթե հեշտ ծախվում են, ի՞նչ է եղել: Միշտ էլ եղել է թե՛ ծախու, թե՛ ըմբոստ մտավորականությունը: 30 տարվա մեջ մտավորականի խմոր հունցվել է, բայց մտավորական չի թխվել, դեռ հունցման գործընթացում է, իսկ վերջին երկու տարվա մեջ շատ հստակ է երևում, թե ուր է գնում մտավորականությունը: Մտավորականը պետք է միշտ ընդդիմադիր լինի` անկախ հանգամանքից` օրվա իշխանությունը լավն է,  թե` ոչ: Ի դեպ, մտավորականությունը սկսվում է լրագրողից: Բացեք մեր բոլոր մտավորականների անցած ճանապարհը` սկսվում է լրագրությունից: Այն շատերի համար փեշակ է, բայց լրագրությունը պատվախնդրություն է, մտածողություն է, լրագրությունը ինքնասիրություն է»,- խոսքն ամփոփեց Սպարտակ Ղարաբաղցյանը: