Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում նախքան օրակարգին անցնելը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վարման կարգով ելույթ ունեցավ: Նա անդրադարձավ քրոջ՝ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցած քրեական գործին: Ֆարմանյանը վստահություն հայտնեց, որ քրոջ հետ կապված միջադեպն անուղղակիորեն առնչվում է իր հետ:
«Իմ անձի շուրջ հարուցված քրգործին եմ ուզում անդրադառնալ, որը վերաբերվում է քրոջս։ Ինձ համար ակնհայտ է, որ սա առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի։ Փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով անհիմն, շինծու գործ է թխվել, մեղադրանք է առաջադրվել։ Ես առաջիկայում հրապարակային այս ամենին կանդրադառնամ, ուղղակի ցանկանում եմ հայտարարել, որ սա հանրապետությունում գրված և չգրված օրենքի, բարոյականության ու մարդկային պատշաճությունից այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»,- նշեց Ֆարմանյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ վարման կարգով ելույթում արձագանքեց. «Եվս մեկ անգամ հիշեցնեմ բոլորին, որ ՀՀ-ում երբևցե որևէ մեկի դեմ կամ հանդեպ քրգործ չի հարուցվում, քրգործեր հարուցվում են ըստ փաստերի և չեն հարուցվում ըստ մեր կամ որևիցե մեկի նախասիրության։ Խնդրում եմ՝ սա ի նկատի ունենալ այսուհետ և ընդմիշտ»։
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանի դեմ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն», 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացնելը»: