կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-22 15:32
Իրավական

Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի. ֆրանսահայ փաստաբանը` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մասին

Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի. ֆրանսահայ փաստաբանը` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մասին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության մեկ տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի խարտիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել, բայց գագաթնակետը եղավ այն, երբ դատավորը թույլ չտվեց փաստաբանին ելույթ ունենալ. այսօր մամուլի ասուլիսում ասաց ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։

Փաստաբանի պնդմամբ` եվրոպական տեսակետից այս քրեական վարույթն այլևս ավարտված է, և այս գործի յուրահատկությունն այն է, որ դա ուղղակի քաղաքական գործընթաց է:

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ պարագայում ո՞վ է պահանջել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը, Թորոսյանը նշեց` վարչապետը: «Չգիտեմ` ով է պահանջել դատավորի նկատմամբ խուզարկության գործընթացը. սա իրապես քաղաքական խնդիր է»,- հավելեց նա։

Ֆրանսահայ փաստաբանը անդրադարձավ նաև, նրա խոսքով, ՄԻԵԴ-ի խարտիայի խախտման գագաթնակետին, երբ դատավորը թույլ չտվեց փաստաբանին ելույթ ունենալ։

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքի իրավունքը, և երրորդ էտապը պաշտպանի խոսքն էր, իսկ դատավորն արգելեց նրան խոսք վերցնել։ Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերն այդ կատակերգության մեջ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, պատմական նշանակության էր, ինչի արդյունքում քրեական դատավարությունն իմաստազրկվեց»,- շեշտեց նա` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ է արձանագրել։

Փաստաբանի համոզմամբ`առաջին խախտումը Քոչարյանի կալանավորումն էր՝ ելնելով հեռախոսային խոսակցություններից։

«Դատավորին պարտադրվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը` ուզի դատավորը, թե` ոչ: Դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի` դատարանների դռները փակելու հրահանգը, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,- ասաց նա:

Սևակ Թորոսյանը նշեց, որ երրորդ փուլը փաստաբանի` ելույթ չունենալն էր, իսկ արդեն չորրորդը` «զառանցանքի հասնող փուլ»-ն էր, այն է`վարույթ սկսել այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին: Ըստ նրա` ստեղծված իրավիճակում այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար, նվազագույնը` պատասխանատու անձանց` տվյալ գործից ազատում: «Բայց ինձ թվում է` ՀՀ-ում բոլորը քնած են»,- տեսակետ հայտնեց նա:

Սևակ Թորոսյանը վստահեցրեց նաև, որ մոտ ապագայում կլինի անկախ դատավորների և «ստրուկ» դատավորների միջև պայքար: «Փորձ է արվել վախեցնել դատավորներին, և կտեսնենք անկախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին: Կա՛մ այդ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կա՛մ ես որևէ ապագա չեմ տեսնում»,- արձանագրեց նա` ակնկալելով, որ կարիք չի լինի այս գործով ՄԻԵԴ-ի որոշում ունենալ ՀՀ-ի վերաբերյալ։ «Հուսանք ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա»,- եզրափակեց նա:

Թորոսյանի խոսքը շարունակեց Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան,  սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով դիմում ուղարկելուն` նա նշեց`  հայաստանյան իրավական պրակտիկայում նման քայլը գուցե նորարարություն է, բայց միջազգային պրակտիկայում՝ ոչ: Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ նման դիմում ներկայացնելը որևէ կերպ չի նշանակում, թե բարձր դատարանները չունեն նման որոշում կայացնելու կարողություն` առանց այդ խորհրդատվական կարծիքների։

«Սա պարզապես ԵԽԽՎ անդամ երկրների համար հավելյալ արդյունավետ գործիք է, որը և իրացվում է։ Տարակուսելի և անհասկանալի է քննադատությունը կամ դիսկուրսը, որը ձևավորվում է այս գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա ու տեղեկացրեց նաև, որ Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի Սահմանադրական դատարանները վերջին երեք տարիներին Վենետիկի հանձնաժողով են ներկայացրել նման մի քանի դիմումներ:

Վարդևանյանի հավաստմամբ՝ մեկ այլ կարիք էլ կար առ այն, թե ինչով է պայմանավորված, որ ՍԴ-ն չէր ստացել ԱԺ բացատրությունները և նման դիմում է ներկայացրել: Ըստ փաստաբանի` որևէ հակասություն այստեղ չկա: «Որտե՞ղ է ամրագրված, որ ՍԴ-ն պետք է սպասեր բացատրությունների տրամադրմանը, որից հետո դիմեր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ»,- հարցրեց նա:

Սահմանադրագետը նաև նշեց, որ շահարկվում է Վերաքննիչ քրեական դատարանի հարցը, թե երբ բեկանել է առաջին ատյանի որոշումը, ինչպե՞ս ՍԴ-ն վարույթ ընդունեց։ 

«Իսկ որտե՞ղ է գրված, որ վերաքննիչի բեկանումը որևէ ազդեցություն պետք է ունենա Սահմանադրականի վրա: Մի պարզ ճշմարտություն կա` Սահմանադրական դատարանը կաշկանդված է մեկ իրավական ակտով՝  Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով, և այստեղ որևէ տեղ չի նշված, որ նրանց դիմումները դատարանների կողմից բեկանվե՞լ են, թե՞ քննության առարկա են դարձել։ Եթե նման կարգավորում լիներ, մեկ սուբյեկտ էր Սահմանադրական դատարանը դիմելու՝  Վճռաբեկ դատարան, և եթե վարույթ ընդունի և ասի, որ առաջին ատյանը ճիշտ էր, այդ ժամանակ ի՞նչ պետք է ասենք»,- ասաց նա` ավելացնելով, թե խոսքը չի վերաբերում միայն առաջին ատյանի դատարանին, այլ  նաև փաստաբանական թիմի կողմից ներկայացված դիմումին, որը վարույթ էր ընդունվել և վերաբերում է 300.1 հոդվածին:

Վարդևանյանը հայտարարեց նաև, որ այն պահից, երբ կալանավորումը շարունակում է մնալ որպես խափանման միջոց, իրավունքի խախտում է: 

«Երբ հուլիսի 8-ին դատարանի դիմումը վարույթ ընդունվեց Սահմանադրական դատարանի կողմից, անձը կալանավորված չի կարող լինել մեկ պարզ պատճառով` կալանավորումը կիրառելու համար պետք է լինեն հիմնավոր կասկած և կալանավորման պայմաններ: Հիմնավոր կասկածի առանցքը Քրեական օրենսգրքի հոդվածն է, որը սահմանադրականության խնդիր ունի, և այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել դատարանի դիմումը, իսկ բովանդակությունը վկայում է  այն մասին, որ 300.1 հոդվածը խնդիր ունի, այս պարագայում կալանավորումն առհասարակ չի կարող կիրառվել»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ  նման պրակտիկան ՄԻԵԴ-ի նախադեպից բխող երևույթ է, բացի այդ` այն նաև իրավունքի գերակայությունից է բխում, ու  այստեղ խոսքը ոչ թե գործը կասեցնելու, այլ խափանման միջոցը փոխելու մասին է:  

Սահմանադրագետի խոսքով` եթե ՄԻԵԴ-ից ստացվում է խորհրդատվական կարծիք, որ նշված նորմով չի կարելի քրեական հետապնդում իրականացնել, այդ դեպքում ի՞նչ են պատրաստվում անել այս տևական կալանավորման վերաբերյալ: «Հետևաբար` իրավիճակն այս փուլում պարզապես հստակ է՝ պետք է անհապաղ նիստ գումարվի` անկախ ցանկացած հանգամանքից: Հավատացած եղեք` եթե մենք  եվրոպական երկրում լինեինք, գիշերը նիստ կգումարվեր, երբ Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել, ինչը նշանակում է հիմնավոր կասկածի դադարեցում, իսկ դա նշանակում է անհապաղ ազատ արձակել»,- բացատրեց  Վարդևանյանը և հավելեց, որ չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված այս ձգձգումը: