Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը հայտարարություն ունի անելու։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, թույլ չտվեց։
Փաստաբանն ասաց, որ տպավորություն ունի, թե Աննա Դանիբեկյանն ուղղակի ուզում է Արմեն Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից։
«Ես 25 տարի փաստաբան եմ, բազմաթիվ դատավարությունների մասնակցել եմ, չի եղել դատարան, որն արգելում է պաշտպանին կամ պաշտպանյալին, որ նա իրացնի իր իրավունքները, այդ թվում՝ հայտարարություններ կամ առարկություններ ներկայացնել։ Եթե ձեզ թվում է, որ այստեղ պետք է հայտնվի ինչ-որ մի պաշտպան, որը պետք է տեսնի, թե ինչպես են իր պաշտպանյալի իրավունքները խախտվում, ու ուղղակի նստի, ես սովոր չեմ դրան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որ հարգեք Քրեական դատավարության օրենսգիրքն ու արդարադատություն իրականացնեք»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա նշեց, թե տպավորություն է, որ դատարանն ամեն ինչ անում է՝ այս դատավարության ընթացքը չշարունակվի։
Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դատարանը թույլ չի տալիս հայտարարություն անել, փաստաբանն էլ պնդեց՝ չի նստելու ու թույլ չի տալու, որ իր իրավունքները խախտվեն։
Դատավորը կարգադրիչներին հրահանգեց Լուսինե Սահակյանի ձեռքից վերցնել խոսափողը:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ միջնորդում է սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։
«Դատարանն արձանագրում է, որ փաստաբան Լուսինե Սահակյանը չի ենթարկվում դատարանի պահանջներին, ևս մեկ անգամ նախազգուշացնում է սանկցիա կիրառելու վերաբերյալ»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ այն դատավարությունը, որն իրականացնում է Աննա Դանիբեկյանը, էապես շեղվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքից։
«Ես արդեն ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում եմ դատարանից, որ դատարանը դատավարությունն իրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի համաձայն»,- ասաց Ալումյանը՝ պահանջելով, որ դատարանը հարգալից վերաբերվի պաշտպաններին։
Դատարանը որոշեց ողջամիտ ժամկետ տրամադրել փաստաբան Լուսինե Սահակյանին՝ գործի ամբողջական նյութերին ծանոթանալու համար։ Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին։