Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչեւ այդ կառույցներից պատասխաններ ստանալը:
Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Սահմանադրությամբ ամրագրված է նախագահի անձեռնմխելիությունը, ըստ որի, Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Եթե դատարանը որոշի, որ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ քրեական գործը պետք է չեղարկվի:
Այն բանից հետո, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց, վարչապետ Փաշինյանը կտրուկ քայլերի դիմեց` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, հանկարծ հայտնաբերելով, որ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը եւ պետք է վեթթինգի ենթարկվեն:
Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է նախկին իշխանությունների օրոք, եւ դատարանի նախագահին ու անդամներին Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններից կախված լինելու մեջ:
Ավելին` վարչապետը ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին եւ Գագիկ Հարությունյանին՝ դատական իշխանությունը յուրացնելու մեջ: Փաշինյանը շատ կոնկրետ կոչ է անում Հրայր Թովմասյանին՝ սեփական կամքով դադարեցնել լիազորությունները, սակայն վերջինս չընկրկեց: Ավելին` որոշեց ձիով քայլ անել եւ Քոչարյանի գործի սահմանադրականության հարցը պարզել եվրոպական կառույցների` ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջոցով:
Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց Քոչարյանի գործով ուղղակի հարձակումներից եւ գերադասեց հիմքեր ստանալ ոչ թե որոշումից հետո, այլ առաջ: Վենետիկի հանձնաժողովն արդեն հասցրել է գործող իշխանությունների համար տհաճ գնահատականներ տալ, ինչից հետո Փաշինյանը հրաժարվեց վեթինգի գաղափարից:
Եվ հիմա ՍԴ-ում հավանաբար հույս ունեն, որ նման ձեւով ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովին հղում անելով՝ կընդունեն որոշում, որը կասկածի տեղիք չի տա: Այդ դեպքում Փաշինյանը որեւէ հիմք չի ունենա ՍԴ-ին մեղադրել, որ վերածվել է նախկին պաշտոնյաների կողմից «սեփականաշնորհված կրպակի»:
Մյուս կողմից՝ ՍԴ նման քայլը թույլ է տալիս մեր երկրին խուսափել հետագա բարդություններից, մասնավորաբար արդեն ընդունված որոշման առումով որեւէ կողմից ՄԻԵԴ դիմելու հեռանկարից:
Այս ընթացքում գործող իշխանությունը չի մոռացել, թե ով է կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իսկ աշխատասենյակն էլ կնքվել է, համակարգիչն` առգրավվել: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել է, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում: Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանը չի մանրամասնել։
Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ այդ գործը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ի դեպ, ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից: Սակայն հիմա հանկարծ նորից վեր է հանվում այս գործը:
Կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության եւ ՍԴ-ի միջեւ առճակատումը ավելի է սրվում: Արդեն այնքան է սրվել, որ դուրս է եկել զուտ ներհայաստանյան օրակարգից ու տեղափոխվել Եվրոպա: ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը Հայաստանը ձեռք է բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, եւ Հայաստանի բարձրագույն դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմում է այդ կառույցներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում