կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 15:05
Քաղաքական

ԱՄՆ կոմիտեն կքվեարկի Շերմանի լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

ԱՄՆ կոմիտեն կքվեարկի Շերմանի լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն քվեարկել է կոնգրեսական Բրեդ Շերմանի լրացման դիտարկման օգտին, որով կարգելվի Ադրբեջանին վաճառել սպառազինություններ, որոնք կբարձրացնեն այդ երկրի՝ քաղաքացիական ինքնաթիռներ խփելու կարողությունը։ 

Նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի Բաքվին թույլ չտրվի մշտական սպառնալիք ներկայացնել Ստեփանակերտի օդանավակայանի քաղաքացիական ավիացիային։ 

Ակնկալվում է, որ Շերմանի նախաձեռնությունը և համապատասխան օրինագիծը կքննարկվեն այս շաբաթ։ Տեղեկացնեն՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Շփեյերը և Ադամ Շիֆը նույնպես կողմ են լրացմանը։

«Այս լրացումը հուժկու ազդանշան կլինի Ադրբեջանին այն մասին, որ նա այսուհետ չի կարող սպառնալ քաղաքացիական ինքնաթիռներ խփելով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարևաններին»,- ընդգծել է Շերմանը։

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ հանդես կգա քաղաքացիական ինքնաթիռների հրթիռակոծելու ցանկացած սպառնալիքի։

2011 թվականի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ չի արտոնել թռիչքները Արցախի Հանրապետությունում՝ նշելով, որ համաձայն ավիացիայի մասին օրենքի, իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ թռչող ինքնաթիռները»։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնպես ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած՝ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքի լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը, որը կբարձրացնի քաղաքացիական ինքնաթիռներ խփելու նրա հնարավորությունը։