Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հուլիսի 9-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը, հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայության հետ կապերի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար:
Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ: Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:
Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:
Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:
Կարևորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ:
Հանդիպմանն անդարադարձ եղավ նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի:
ԵԽ և ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում: