Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվել է հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու հարցը:
Ավագանու անդամներն անհանգստություն են արտահայտել, որ այս տեմպերով ամբողջ քաղաքը դառնալու է հուշակոթող:
«Մենք չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները: Առաջին հարցադրումը, որը բաց է, սա է՝ ում կարելի է թույլատրել: Հարցն ունի և՛ բարոյական, և՛ կանոնակարգման կողմ: Բարոյական առումով` ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր շենքի նախկին բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից` մենք շենքեր ունենք, որոնց պատերի վրա այլևս տեղ չկա: Օրինակ՝ Չարենցի 4-ը՝ համալսարանական դասախոսական շենքն ամբողջությամբ հուշատախտակ է: Ժամանակին արվեստի մեծերի շենքը՝ Մաշտոց 48-ը, այնքան խստապահանջ էր պետությունը, որ այնտեղ տեղ գտան միայն Արաքսյա Գյուրզադյանի, Վաղարշ Վաղարշյանի, Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Գաբրիելյանի հուշատախտակները, մինչդեռ` այնքան պրոֆեսորներ կային այդ շենքում, բայց պետությունը խիստ էր: Նույնը հիմա Աբովյան 32-ում է՝ մի ստելլա կանգնեցվեց, որի վրա փորագրվեցին այդ շենքում ապրածների անունները: Այս հարցը պիտի կարգավորվի՝ ինչպես թույլատրել, ում թույլատրել»,- նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Նա շեշտեց, որ իր ելույթն ամենևին կապ չունի օրակարգային հարցի հետ, որ խորին հարգանք ունի պրոֆեսոր Բալյանի հիշատակի հանդեպ, սակայն բավական է բացել համապատասխան արխիվները և տեսնել, թե որքան պրոֆեսորներ են եղել ՀՀ-ում, և եթե բոլորի զավակների մոտ արթնանա հիշողության այս ավանդույթը, լուրջ խնդիրներ կունենանք:
Ինչ վերաբերում խնդրին, թե ով պետք է թույլատրի հուշատախտակների տեղադրումը, Կամո Արեյանն ասաց, որ այսօրվա օրենքով միայն բնակիչների ժողովը, այսինքն՝ շենքի պատը համընդհանուր սեփականություն է, ուստի այս հարցը ևս պիտի լուծվի: «Եթե ուշադիր նայեք քաղաքի պատերին, ոչ թե հուշատախտակներ են այլ Թոխմախի տապանաքարեր: Խորհրդային տարիներին տեղադրված հուշատախտակներն իրենց չափերով, ձևով և կախելու վտանգավոր վիճակով չեն զիջում Թոխմախի տապանաքարերին: Ժամանակն է, որ ամբողջ քաղաքում գործի մեկ էսքիզային տարբերակ, որը պարտադիր կլինի բոլոր ցանկացողների համար: Այսօր մարդկանց ցանկությունն այս երևակայությունն է՝ գլուխներ, անդրիներ, կիսանդրիներ, երբեմն՝ անճաշակություններ ու շատ վտանգավոր ամրացումներ պատերին»,-ասաց Արեյանը:
Երևանի քաղաքապետը խոստացավ մինչև սեպտեմբեր կոնկրետ չափանիշներ որոշել և ընդունել: Իսկ օրակարգային հարցը հաստատվեց՝ հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Սողոմոն Բալյանի հուշակոթողը կտեղադրվի: