կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-24 13:09
Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրը ոչ մի չափանիշի չի բավարարում, նոր աղբավայր կկառուցվի. Կամո Արեյան

Նուբարաշենի աղբավայրը ոչ մի չափանիշի չի բավարարում, նոր աղբավայր կկառուցվի. Կամո Արեյան

Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներն արդեն երկու օր է` բողոքի ակցիա են իրականացնում, փակում են ճանապարհը` պահանջելով լուծել Նուբարաշենի աղբանոցի խնդիրը։ Այսօր նուբարաշենցիներին է ընդունել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:

Բնակիչներն Արեյանին ասացին, որ հաճելի չի եղել այսքան տարի տեսնել այդ աղբավայրը, իսկ հիմա իրենք 24 ժամ շնչում են գարշահոտ, հոտի հետ մեկտեղ` ծուխը: Նրանք առաջարկ արեցին, որ ինչ-որ աշխատանքներ տարվեն այդտեղ, աղբը փակվի, գոնե այդ օդը չշնչեն: «Հետագայում ակնկալում ենք նոր լուծումներ աղբանոցի փակման և նոր աղբանոցի կառուցման համար»,- ասաց բնակիչներից մեկը:

Արեյանն իր հերթին նշեց, որ, այո, Նուբարաշենի աղբավայրը չի բավարարում ոչ մի չափանիշի: «Այս աղբավայրը բոլոր տեսակետներից վտանգ է ներկայացնում, չի բավարարում բաց աղբավայրի չափանիշներին, բացի այդ` բնակավայրից դուրս չէ»,- ասաց նա և հավելեց, որ խնդիրը տարիներով է կուտակվել: «Այնպես չէ, որ ամեն ինչ արվել է 100%-ով: Այն` որպես աղբավայր, որևէ չափանիշի մեջ չի տեղավորվում, գոնե օպերատորն իր աշխատանքը եղածի համար օպերատիվ իրականացներ, վիճակն այսքան չէր սրվի»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատարը:

Արեյանը տեղեկացրեց, որ համաձայնագիր է կնքվել նոր աղբավայրի կառուցման մասին: «ՀՀ կառավարության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որ այդ նույն վայրին հարակից կառուցվի ժամանակակից քաղաքային աղբավայր, ծրագիրը վավերացվել է: Ընդամենը  օր առաջ ստացանք պատասխանը Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկից, որ հաստատվել է մրցութային փաթեթը, և մենք կարող ենք արդեն հայտարարել մրցույթը նոր աղբավայրի կառուցման համար։ Լինելու է ժամանակակից աղբավայր` պարսպապատված, լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ կետով, պահակային ծառայությամբ, կշեռքով: Ամբողջ ստորգետնյա տարածքը դառնում է դրենաժային համակարգ, որպեսզի ջրերը չկուտակվեն, չաղտոտեն տարածքը, հոտի արտանետում չլինի: Բացի դրանից` ամբողջ հատակը ջրամեկուսացվում է՝ հողերը հետագա աղտոտումից փրկելու համար: Իսկ հիմա աղբավայրի ջրերը հոսում են մինչև Էրեբունի և լցվում ջրանցքը: Աղբավայրը պարտադիր ունենալու է  նաև ցողման և հողածածկման, աշխատանքներ: Յուրաքանչյուր ընդունումից հետո  աղբը պետք է տոփանվի, ցողվի ջրով, որպեսզի հոտի խնդիրը վերանա: 28 հա–ի վրա պետք է կառուցվի աղբավայրը: 1-2 տարվա ընթացքում կմեկնարկի ծրագիրը: Այսինքն՝ այս ամենն առնվազն 2 տարի կտևի»,- տեղեկացրեց նա:

Արեյանն ասաց, որ շատ շուտով կհայտարարվի մրցույթը, և խոստացավ, որ այժմ աղբավայրի վնասներն առավելագույնս մեղմելու նպատակով քայլեր կիրականացնեն: