Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադարձավ Համազասպ Բաբաջանյանի և Գարեգին Նժդեհի արձանների շուրջ բարձրացած աղմուկին: Նա կարծիք հայտնեց, որ մարդիկ, սովորաբար, սկզբում սկսում են անուն դնել նոր տեղադրված արձաններին, սակայն ժամանակի ընթացքում հաշտվում են, մտերմանում են դրանց հետ:
«Հիշե'ք Առնո Բաբաջանյանի արձանը: Եթե նկատել եք` Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ամեն օր երեխաներ են նկարվում: Արձաններն ընդհանրապես ապահովում են քաղաքի կենդանի միջավայրի էֆեկտը, մարդիկ հաղորդակից են լինում արձանների հետ: Մենք այդպիսի արձաններ շատ ունենք: Վերջին երկու արձանները, կարծում եմ, ազգային հպարտություն են: Ցանկացած ազգ կհպարտանար»,- ասաց Արեյանը:
Դիտարկմանը, թե Համազասպ Բաբաջանյանի մասին կան տեղեկություններ, որ կոտորել է հունգարացիներին, Կամո Արեյանն արձագանքեց, որ Բաբաջանյանը մեր ազգի պարծանքն է, և որ ինքը` որպես հայ, հպարտանում է, որ ունենք Համազասպ Բաբաջանյանի նման մարշալ: Նա խորհուրդ տվեց հպարտությամբ նայել Բաբաջանյանին, Գարեգին Նժդեհին, քանի որ նրանք մեր հերոսներն են:
«Լինենք անկեղծ` սա նաև ճաշակի հարց է: Շատերը ցանկանում են հենց դեմքը պատճենահանված տեսնել՝ այնպես, ինչպես մարդը լուսանկարում է: Երբեմն քանդակագործները դնում են նաև իրենց երևակայությունը: Իհարկե, իմ կարծիքն է, որ ցանկացած արձան պետք է այնպես լինի, որ մարդը տեսնի ու հասկանա, թե ում արձանն է»,- ընդգծեց փոխքաղաքապետը: