կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 11:16
Հասարակություն

Իշխանական խմբակցության պատգամավորները ընդդիմադիր խմբակցություններին կոչ են անում քվեարկել հօգուտ համահարթեցման

Իշխանական խմբակցության պատգամավորները ընդդիմադիր խմբակցություններին կոչ են անում քվեարկել հօգուտ համահարթեցման

Հարկային փոփոխությունների քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնից իշխանական խմբակցության պատգամավորներն իրենց փաստարկները համեմում են դասականներից մեջբերումներով` համոզելու համար, թե ինչու է առաջարկվող նոր հարկային օրենսգիրքն ավելի լավը:

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, որոնք հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, ասաց.  «Մենք ասում ենք՝ եկեք մի քայլ առաջ անենք, հետո գլոբալ փոփոխությունների կգանք: Դուք ասում եք` չէ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, մենք դեմ ենք: Պատկերացրեք՝ դեմ եք քվեարկում, իսկ «Իմ քայլի» ձայներն էլ չեն բավարարում, և նախագիծը չի ընդունվում, հետո ի՞նչ է տեղի ունենալու: Հեռանկարը պատկերացրեք՝ պարզ կլինի: Եթե վատն է, ինչո՞ւ են գործարարները սպասում սրա ընդունվելուն»:

Թունյանին տարօրինակ է թվում, թե շատ ինտենսիվ քննարկված հարցին ինչո՞ են ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկելու:  «Լիքը դրույթներ կան, որ միասին ենք արել։ Ուզում եմ ասել՝ եկեք դետալներից վերանանք, ավելի գլոբալ նայենք: Դուք այս օրենսգրքի դրական փոփոխությունների մեջ մեծ մաս ունենք ու դեմ կքվեարկեք: Մենք կասենք՝ միշտ շնորհակալ ենք ձեր աշխատանքի, քննադատությունների համար և առաջիկայում կունենանք, իրոք, նոր հարկային օրենսգիրք, որը կլինի մտածված, աշխատված ու թռիչքային աճ ապահովող: Այսօրվանը մի քանի քայլ առաջ է, դրա համար էլ կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց նա։

Իմքայլական Գոռ Գևորգյանը ելույթի սկզբում մեջբերեց ռուս հրապարակախոս Չաադաևի խոսքերը՝ ես գերադասում եմ մտրակել, անգամ` տխրեցնել, բայց երբևէ չփորձել խաբել իմ պետությանը, չխաբել իմ հայրենիքին։ Նա փորձեց  փաստարկել, թե  ինչու ներկայում գործող պրոգրեսիվ հարկումը չի արդարացնում իրեն։ Ըստ նրա՝ այդպիսի հարկումն ավելի վատ պայմաններ է ստեղծում ավելի բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների համար, այդպիսով` հարկվում է աշխատավարձը, ոչ թե եկամուտը։

Նա ավարտեց ելույթը Էյնշտեյնի խոսքերով՝ «Երջանկության բանաձևը՝ եթե կա կամք, ապա կա նաև միջոց»։