Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդ կոմպոզիտորներին նույնպես հուզում է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում (ՀԿԵՄ): Նրանք հանդես են եկել բաց նամակով, որը ստորագրել են Հայաստանի եւ արտերկրի մոտ երեք տասնյակ կոմպոզիտորներ:
«Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄ-ը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետեւանքն են ներկայիս խնդիրները: Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից եւ չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերն արդեն տարիներ շարունակ ապրում եւ ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով եւ համագործակցելով տարբեր ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է, որ ներկայիս Միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:
Առկա է նաեւ Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչության հարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենը ժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամների մեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, եւ եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվել է ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռեւս լուծում չի ստանում: Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են եւ դարձել են ինքնանպատակ:
Միությունը գրեթե անգործության է մատնված եւ այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութային կյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք է նշել, որ չեն օգտագործվում նաեւ Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնային դահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը եւ այլն, որոնք կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչը երիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:
Հաշվի առնելով այս եւ այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, եւ կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով եւ ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի»: