կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 20:03
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում ընդդիմության կառավարմանը հանձնել վարչապետին առընթեր մարմինը

Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում ընդդիմության կառավարմանը հանձնել վարչապետին առընթեր մարմինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում ընդդիմության առաջարկով վարչապետին առընթեր մարմնի կառավարումն ընդդիմությանը հանձնելը:Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Տարիներ շարունակ պնդում էիք, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարման վերահսկիչ գործառույթները: Արդյո՞ք  պատրաստ եք տարիների պայքարն իրականացնել, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը»,-հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը նախ ասաց, թե չի հիշում` երբևէ խորհրդարանում ասած լինի, թե ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության կա, քանի որ միշտ էլ համարել է, որ ընդդիմությունը վերահսկողական բոլոր լծակներն ունի, ու դրա համար պետք չէ, որ ինչ-որ կարգավիճակ ունենա:

«Մեր նախորդ հարց ու պատասխանից հետո ես պարտավորություն ստանձնեցի, որ և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր, և ես կներկայացնեմ ընդդիմության ներկայացրած թեկնածուին: Դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց թեկնածու ներկայացնել՝ պատճառաբանելով, թե նկատի է ունեցել ոչ թե շարքային անդամներին, այլ հանձնաժողովների նախագահին: Տեսեք, թե ինչ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականի և օգնականի ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, արժե՞  այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները բոլորը լինեն ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` Հաշվեքննիչ պալատն  անկախ մարմին պետք է լինի և իր փիլիսոփայությունը հենց անկախ լինելու մեջ է, և դա միջազգայնորեն է այդպես: ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ, և ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով հնարավորություն ունի վերցնել այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդն ուզում է օժտել իրեն: Եվ այդ մեխանիզմի գործադրմամբ ընդդիմությունը տարբեր ընտրություններում, այդ թվում ՏԻՄ ընտրություններում լծակներ ունենալու և բալանս ապահովելու հնարավորություն ունի: