կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 17:27
Հասարակություն

Զավեշտ. Նալբանդյանը նպատակահարմար չի համարում խոսել

Զավեշտ. Նալբանդյանը նպատակահարմար չի համարում խոսել

Եթե Հայաստանը միայն ռազմական պետություն լիներ` բանակի գերիշխանության տակ, ապա մենք բոլորովին չէինք սպասի եւ պահանջի արտգործնախարարության, անձամբ նախարարի թեկուզ շատ կարճ խոսքը` կապված ՀՀ սահմանին իրադրության հետ:

 

Բայց քանի որ մեր երկիրն ամենեւին էլ ռազմական պետություն չէ, ապա մեզ` քաղաքացիներիս, բոլորովին չեն բավարարում իրադրության վերաբերյալ միայն ռազմական գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները: Ի վերջո, մենք ԱԳՆ ունենք, թեեւ ունե՞նք որ…

 

Օգտվելով հարց տալու եւ իրավիճակը պատկերացնելու իրենց իրավունքից` այսօր շուրջ 20 հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` yerkir.am-ի թղթակիցը, գնացել էին ԱԳՆ` նախարարին երկու-երեք հարց տալու: Օրինակ` ի՞նչ կասի` սահմանային իրադրության հետ կապված, ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՞ւր է, վերջիվերջո, ՀՀ տարածքային ամբողջականությունը «սրբորեն պահող» ՀԱՊԿ-ը եւ այլն:

 

Լրագրողներին Նալբանդյանն, անշուշտ, չընդունեց, փոխարենը առաջարկվեց «օֆ-ռեկորդ» շփվել փոխարտգործնանախար Շավարշ Քոչարյանի հետ: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հստակ հայտարարեց, որ Նալբանդյանը չի խոսի, ավելին` «ԱԳՆ-ի գործողությունների հրապարակայնացումն այս պահին նպատակահարմար չէ, եւ երբ նպատակահարմար համարեն` կհրապարակայացնեն»: Զավեշտ…

 

Երբ, տարին չսկսած, արդեն 10 զոհ ունենք, երբ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ մեկ ամսում երկու անգամ ՀՀ սահմանին է դիվերսիա ու հարձակում իրականացնում, երբ ոչ մի երաշխիք չկա, որ այս գիշեր էլի զոհեր չենք ունենալու, եւ ԱԳ նախարարը չի խոսում, ուրեմն երկու տարբերակ կա` կա'մ ԱԳՆ-ն փակում ենք ու դառնում ռազմական պետություն, կա'մ փոխում ենք Նալբանդյանին եւ ունենում ԱԳ նախարար: