կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-20 00:41
Առանց Կատեգորիա

Ովքե՞ր են աղավաղում մայրաքաղաքի տեսքը

Ովքե՞ր են աղավաղում մայրաքաղաքի տեսքը

Սկիզբը՝ այստեղ:

 

Ինչպես արդեն նշել ենք, հոկտեմբերի 17-ի նիստում կառավարությունն անդրադարձավ պետական եւ մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտներին եւ անհրաժեշտ համարեց դրանց ավարտուն տեսքի բերելը: Սակայն, մինչ կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւս բազմիցս անդրադարձել է խնդրին՝ որեւէ առաջընթաց չապահովելով գործնական քայլերի մասով: Միայն թե մշտապես վերջնաժամկետներ են ներկայացվել կառուցապատողներին եւ այդ ժամկետի ավարտից ամիսներ, նույնիսկ՝ տարիներ անց նոր ժամկետ սահմանել:

 

Զանազան անավարտ շենք-շինություններն իսկապես քաղաքի տեսքը աղավաղում են: Քաղաքապետարանում բազմիցս նշվել է մեկ տասնյակի չափ շինությունների հասցե, որոնց նկատմամբ, իբրեւ, կա պետության ուշադրությունը՝ ավարտուն տեսքի բերելու մասով:

 

Քաղաքապետարանի ներկայացուցիչները նախորդ տարի հանդիպել են «Սեւան» հյուրանոցի սեփականատերերի հետ, քննարկել այդ տարածքի հետագա կառուցապատման խնդիրները, եւ քանի որ հարեւանությամբ կսկսվի վարչական շենքերի նոր համալիրի կառուցում՝ ԱԳՆ շենքը, նաեւ ետին պլանում կկառուցվեն նոր երկու նախարարությունները, մշակել են այդ տարածքի ապագա կառույցի չափորոշիչները եւ հնարավոր կառուցապատման ֆունկցիաները:

 

Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ուղիղ մեկ տարի առաջ կայացած ասուլիսում այս մասին ասելով՝ անդրադարձավ նաեւ մյուս կառույցներին: «Երիտասարդական պալատի» տարածքում ճապոնական նախագծով պետք է կառուցվեր 150 մ եւ 90 մ բարձրությամբ երկու շենք, Նարեկ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանը թույլատրել է 120 մ եւ 70 մ բարձրությամբ շենք կառուցել: Այժմ բանակցություններ են ընթանում նախագծում փոփոխություններ անելու եւ շինարարությունը սկսելու շուրջ, սակայն նախագծողը դեմ է այս մասնաշենքերի փոփոխված բարձրություններին:

 

«Երիտասարդական պալատի» քանդման որոշումը կայացվեց 2003-ին, որպեսզի տեղում կառուցվի ժամանակակից հյուրանոցային համալիր: Շենքը օտարվել եւ 1 մլն դոլարով վաճառվել է «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանին: Սեփականատերը պարտավորվել էր մինչեւ 2006թ. կատարել 5 մլն դոլարի ներդրում: Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009թ. հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Նախագծի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել էր 2010 թվականի հունվարը: Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ 60 երկրներից: Հաղթող ճանաչվեց ճապոնացի ճարտարապետի նախագիծը: Ճապոնական նախագծով, այստեղ պետք է կառուցվեր հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես կենտրոն, որը ներառելու էր նաեւ բնակելի շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շինության մուտքը Տերյան փողոցից նախատեսված է եղել կառուցել շարժասանդուղքներով: Այս ամենը պետք է կառուցվեր 2010-2013 թվականներին: Սակայն ոչինչ չի արվել:

 

Խոսելով Աբովյան փողոցում գտնվող «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող կիսակառույց շենքի մասին՝ գլխավոր ճարտարապետը նշեց, որ նախնական նախագծով այն պետք է ունենար 18 հարկ, ինչը սակայն ընդունելի չէ: Հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները՝ քաղաքապետարանն առաջարկել է հրաժարվել նման բարձրությամբ շենք կառուցելուց: Քննարկումներ են ընթանում նախագիծը փոխելու ուղղությամբ:

 

Բացի հիմնական կիսակառույցներից, շուրջ 5 տասնյակ կառուցապատողներ չեն արձագանքել քաղաքապետարանի ծանուցումներին, եւ նրանց երկրորդ անգամ են ծանուցագրեր ուղարկվել: Մեզ հայտնի չէ՝ երկրորդ անգամ պատասխանել են, թե՝ ոչ: Քաղաքապետարանն իրավասու է այդ տարածքները գերակա շահ ճանաչել եւ կառուցապատողների ձեռքից հետ վերցնել: Միայն թե քաղաքապետարանը նման քայլի չի գնում, ինչը ենթադրել է տալիս, որ «շարքային մահկանացուների» չի պատկանում:

 

Նույն անորոշ վիճակում է գտնվում Երեւանի Կոնդի թաղամասում 1,5 հա տարածք Զբաղեցնող «Դվին» հյուրանոցը, որը 2003-ին 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել:

 

Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանում գտնվող Կոբզոնը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Դվին հյուրանոցը, ցավում եմ, բայց իմը չէ»: Ուշագրավ է, որ ասուլիսին ներկա՝ Կոբզոնի համերգի կազմակերպիչ «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն ասաց, որ «Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքները երեք ամսից կսկսվեն: Նշանակում է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ կապ կա Կոբզոնի եւ «Դվին» հյուրանոցի միջեւ: «Դվին» հյուրանոցի մասով բանակցությունները վարում է կառավարությունը: Ինչեւէ, խոսքը հասնում է նրան, որ եւս մի քանի տարի նախագիծ կկազմեն, կփոխեն, ու կշարունակվի աղավաղված մնալ քաղաքի պատկերը:

 

Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքը քանդվելու է: Քանդման աշխատանքները կտեւեն 6-9 ամիս: Քննարկվում է այդ տարածքում խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերականգնման հնարավորությունը: Միայն քանդելու համար հատկացվում է 6-9 ամիս: Սա, արդեն, աբսուրդ է:

 

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ասուլիսում էր այս կառույցների վերաբերյալ ծրագրերի մասին հայտարարել Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Մենք բերեցինք միայն մի քանի օրինակ անավարտ շինությունների ցանկից: Դատելով նախկին հայտարարությունների փորձից, այդ շինությունները կշարունակեն նավարտ մնալ, իսկ Երեւանի քաղաքապետարանն ու կառավարությունը կսպասեն այնքան, մինչեւ դրանց հզոր տերերը որոշեն սեփական կամքով շինարարություն սկսել: