Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 15-ին և 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց էներգախնայողության #ՄիասինՊայծառԷ փառատոնը, որի նպատակն էր հանրության շրջանում Էներգաարդյունավետության և դրա առավելությունների մասին իրազեկվածության բարձրացումը, դպրոցականների և երիտասարդների շրջանում էներգախնայող տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգիայի վերաբերյալ ճանաչողական հետաքրքրության առաջացումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:
Փառատոնի մեկնարկը տրվեց Վանաձորի «Հայք» հրապարակում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ, հյուրեր և պաշտոնատար անձինք:
«Այս փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և շատ ուրախալի է, որ անցկացվում է հենց մեր մարզկենտրոնում՝ Վանաձորում: Մեր մարզն ունի լայն հնարավորություններ. կան հատվածներ, որտեղ մեծ քանակությամբ արևային օրեր են լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք օգտագործել ամբողջ պոտենցիալը»,- փառատոնի բացմանը նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Փառատոնը, որ էներգախնայողության ոլորտում ամենամեծ միջոցառումներից է, 2016 թվականից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում: 2019-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար: Հայաստանում միջոցառումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) աջակցությամբ։
«Շատ կարևոր է, որ մեր երկրի համար խիստ արդիական այս թեմայի մասին մենք խոսում ենք ոչ միայն պետական կառավարման մարմինների և փորձագիտական համայնքի, այլև հանրության լայն շրջանակի ու հատկապես պատանիների հետ: Իրազեկ քաղաքացին այս ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման գործում պետության ամենամեծ գործընկերն է»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
«Ոլորտում որոշում կայացնողների, հիմնական դերակատարների հետ քննարկումները կարևոր են, բայց համատեղ մշակած ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հանրության մասնակցությունը: Ուստի արժևորելով այս գործում ամենակարևոր թիրախներից մեկի՝ երեխաների ներգրավվածությունը՝ մենք ընտրել ենք նրանց հետ երկխոսելու ամենաարդյունավետ և ամենահաճելի լեզուն՝ ինտերակտիվ կրթական խաղերն ու մրցույթները»,- նշեց «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի ղեկավար Սուրեն Գյուրջինյանը:
Փառատոնի շրջանակում անցկացվեցին տարբեր գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մշակութային ժամանցն էլ ապահովեցին տիկնիկային թատրոնը, լուսանկարահանումը հեքիաթային տաղավարում, իսկ տոնական տրամադրությունն օրվա վերջում ամբողջացրեց «Lav Eli» և «Clocker» ռոք խմբերի մասնակցությամբ համերգը։
Միջոցառման ընթացքում տարբեր տաղավարների շնորհիվ էլեկտրախնայող սարքերին ու էլեկտրաէներգիայի արտադրման նորագույն ուղիներին ծանոթացան նաև փառատոնի մեծահասակ մասնակիցները: Փառատոնին միացել էր նաև մասնավոր սեկտորը. էներգախնայողության քաղաքականություն վարող «Վեգա» ընկերության աշխատակիցները մասնակիցներին տեղում ներկայացրեցին, թե ամենօրյա օգտագործման կենցաղային տեխնիկան ինչ դեր ունի էներգախնայողության գործում, տեղում ցուցադրեցին ու սովորեցրին ինչպես ընտրել էներգաարդյունավետ տեխնիկա` հօգուտ բնության և սեփական գրպանի։
Փառատոնի միջոցառումների շղթան շարունակվեց հունիսի 16-ին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում: Այստեղ ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հետ համատեղ անցկացվեց աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները մի շարք համայնքների ներկայացուցիչների հետ քննարկեցին էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Միջոցառմանը մասնակցեցին նաև ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի սաները: Նրանք հնարավորություն ստացան մասնակցելու «Վերականգնվող էներգետիկան՝ երեխաների աչքերով» ինտերակտիվ դասախոսությանը, ապա «Էներգաարդյունավետ դպրոց» մրցույթի հաղթողները՝ Այնթափի թիվ 2 միջնակարգ և Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրին իրենց մշակած նախագծերը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ փառատոնը կդառնա ավանդական՝ ընդգրկելով նաև Հայաստանի մյուս մարզերը: