Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին։ Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում ոչ այնքան այս համաժողովն էր, որքան դրա շրջանակներում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ մասնավորապես նշելով. «Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»։
Սակայն ավելի կարևոր է նախօրեին կայացած հանդիպման բովանդակությունը։ Համենայն դեպս, պաշտոնական լրատվությունը չի բացահայտում դրա բովանդակությունը, ավելին՝ որևէ տեղեկատվություն չկա, որ պաշտոնական հանդիպմանը հաջորդել է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել հերթական արարողակարգային հանդիպումը, որն ամենևին էլ չի խոսում այն փաստարկի օգտին, որ հայ-ռուսական հարաբերությունները վերադարձել են բնականոն հուն։
Նիկոլ Փաշինյանը սիրում է շարունակ կրկնել, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ամենից շատ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, սակայն սա այն դեպքն է, որ քանակն ամենևին էլ չի խոսում որակի մասին։ Համենայն դեպս, աննախադեպ է, որ Հայաստանն արդեն մեկ տարի ունի նոր ղեկավար, սակայն նրա ռուսաստանյան այցերից որևէ մեկը պետական չի եղել, էլ չեմ ասում այն մասին, որ պարբերաբար հետաձգվել է Պուտինի այցը Հայաստան, ու դա տեղի է ունենալու միայն հոկտեմբերին, այն էլ՝ ԵՏՄ գագաթաժողովի առիթով։
Ավելին՝ ժամանակին Ռուսաստանը գործնականում չպաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումները, որոնք իրոք պարբերական բնույթ են կրում, չեն նպաստում առկա կնճիռների հաղթահարմանը, ու նույնիսկ տպավորություն է ստեղծվում դրանց միօրինակության, բովանդակային բաղադրիչի բացակայության վերաբերյալ։ Կարծում եմ՝ Հայաստանի ռուսաստանյան քաղաքականությունն առնվազն լուրջ վերբեռնման անհրաժեշտություն ունի, ու դա կարծես ընդունում են անգամ իշխանության ներկայացուցիչները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: