Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 17:54
Հասարակություն

Սոցցանցերում անհանդուրժողականությունը վտանգավոր աստիճանի է հասել․ ՄԻՊ

Սոցցանցերում անհանդուրժողականությունը վտանգավոր աստիճանի է հասել․ ՄԻՊ

Առհասարակ բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ և այլն ինձ համար խիստ անընդունելի ու դատապարտելի երևույթներ են. այս մասին այսօր խորհրդարանում 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդարադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի և հետագա միջադեպերի հետ կապված:

Թաթոյանի համոզմամբ`պետությունը նման իրավիճակներին պետք է շատ խիստ ու ժամանակին գնահատական տա։

«Կառավարության նիստում հնչեց այդ հարցը, վարչապետն էլ բարձրաձայնեց խնդիրը, ես էլ նշեցի, որ կարևորում եմ պետության կողմից ժամանակին տրված գնահատականը։ Գիտեմ, որ իրավապահ մարմիններում այս գործերի վերաբերյալ վարույթներ կան հարուցված։ Հրանտ Մարգարյանի և մյուս գործերով պետք է լրացուցիչ հարցումներ ուղարկենք, որ հասկանանք, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտված հանգամանքներն ինչին էին վերաբերում»,- նշեց նա՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ պետք է պաշտպանվեն խոսքի ազատության իրավունքը։

Խոսելով այն մասին, թե ՄԻՊ-ը ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի կանխարգելվի բռնության նման դեպքերը, Թաթոյանը շեշտեց, որ միջոցառումները տարբեր են. «Եթե խոսեմ շատ ավելի լայն իմաստով, ապա կան իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Կարծում եմ՝ այսօրվա  բռնության դեպքերին ազդում է սոցիալական ցանցերում առկա լարված ֆոնը, իրականում, շատ մեծ է անհանդուրժողականությունը, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը։ Մենք նաև մեր լրագրող գործընկերների հետ ենք աշխատում, որ վիրավորական մեկնաբանություններ հեռացնեն, որ այնպիսի վերնագրեր ընտրվեն, որը շատ էմոցիաներ չառաջացնի և այլն»,- մանրամասնեց Արման Թաթոյանը։