կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 14:00
Իրավական

Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա. Ռուբեն Մելիքյանը` Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին

Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա. Ռուբեն Մելիքյանը` Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին

Խնդիրն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  կատարվել են մի շարք քննչական գործողություններ, և բոլորը սկսվել են առանց նրա գիտության  ու առանց նրա հետ համաձայնեցնելու, այնինչ` օրենսդրությունն ուղղակի պահանջ է ներկայացնում, որ դատավորին պարտադիր պետք է համապատասխան գործունեություն իրականացնող պաշտոնատար անձինք իրազեկեին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց փաստաբանների պալատի անդամ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը` անդրադառնալով օրերս դատավորի աշխատասենյակում իրականացված խուզարկությանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատավորը ոչ մի իրազեկում չի ստացել: «Հուլիսի 16-ին` ժամը 14.00-ի սահմաններում, նրա աշխատասենյակ է ներկայացել Հատուկ քննչակաի հատկապես կարևոր գործերով վարչության քննիչ Խորեն Մեժլումյանը և առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա փորձել է կատարել համապատասխան քննչական գործողություն: Նա արգելել է դատավորի մասնակցությունը տվյալ գործողությանը նույնիսկ այն առարկություններից հետո, որ այդ գործողությանը մասնակցությունն անպայման պետք է, առգրավման կանոնների համաձայն` պետք է իրականացվի դատավորի մասնակցությամբ: Նա գործողությանը մասնակից է դարձրել տվյալ դատարանի այլ աշխատակցի, առգրավել է դատավորի աշխատասենյակում, ինչպես նաև դատարանում գտնվող այլ համակարգիչներ: Հետո քննիչը կնքել է դատավորի աշխատասենյակի դուռը»,- ներկայացրեց նա` նշելով, որ այս ամենն ունի լուրջ իրավական հետևանքներ, այն է` առանց դատարանի որոշման (Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ) բնական իրավունքի` անձեռնմխելիության սահմանափակման դեպքերը:

Փաստաբանը ավելացրեց, որ կնքելուց հետո դատավորն ու ինքը ներկայացել են դատարան ու պահանջել ներկայացնել դատարանի համապատասխան որոշումը, իսկ դրա բացակայության դեպքում թույլատրել դատավորին`  մուտք գործել իր աշխատասենյակ: «Ոստիկաններն արգելել են, դատարանի որոշում չի ներկայացվել դատավորին: Դրանից հետո ներկայացել է քննիչը և ցանկացել խուզարկության գործողություն իրականացնել: Նա կրկին ուղղակի ձևով պահանջել է դատավորին հեռանալ, քանի որ նա չի մասնակցելու այդ քննչական գործողությանը: Մենք առարկել ենք, ներկայացրել, որ աշխատասենյակի բանալին գտնվում է դատավորի մոտ, հետևաբար` այն չենք տա, եթե օրենքի խախտմամբ պետք է դատավորին մերժեն: Դրանից հետո քննիչը մոտ կես ժամ հեռախոսով ինչ-որ անձանց հետ խորհրդակցելուց հետո վերադարձել է ու ասել, որ դատավորին թույլատրեն մասնակցել գործողությանը, սակայն փաստաբանին` ոչ: Այս բոլոր հանգամանքներն արձանագրության մեջ ներառվել են քննիչի կողմից, այն է` փաստաբանի մասնակցությունը մերժվում է այն դեպքում, երբ դատավորը կամահայտնություն է ներկայացրել, որ ցանկանում է օգտվել իրավաբանական օգնությունից»,- բացատրեց նա:

Գեորգի Մելիքյանի պնդմամբ` քննիչը կատարել է խուզարկություն` դատարանի որոշման հիման վրա, ընդ որում` երկու աշխատասենյակում: «Դա ուղղակի նշված է դատարանի որոշման եզրափակիչ մասում, այնինչ` քննիչը կատարել է նաև երրորդ աշխատասենյակի խուզարկություն` առանց դատարանի որոշման, այն էլ` նիստերի քարտուղարի և գործավարի աշխատասենյակներում: Հատկանշական է, որ, արձանագրության համաձայն, կրիչները և փաստաթղթերը առգրավվել են հենց այդ տարածքից, այսինքն` անօրինական»,- շեշտեց նա` հավելելով նաև, որ իրենք ձեռնամուխ են եղել քննիչի ապօրինի գործողությունների վիճարկմանը, բողոքարկել են գլխավոր դատախազի` գործի հարուցման որոշումը, քանի որ դրանից ուղղակի երևում է պաշտոնական հայտարարություն առ այն, որ Դավիթ Գրիգորյանին վերագրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործություն:

Փաստաբանը հավաստիացրեց, որ դատախազից պահանջել են տալ  պարզաբանում, քանի որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է կազմակերպվել բացառապես բարձրագույն դատական  խորհրդի համաձայնությամբ, այնինչ`  նման համաձայնություն առկա չի եղել, հետևաբար` հարուցման որոշումը դատավորի իրավունքների ու օրինական շահերի էական խախտում է: «Պահանջել ենք, որ այդ հիմքով քրեական գործի հարուցման որոշումը վերացվի»,- ասաց նա ու ավելացրեց, որ վիճարկվել են նաև խուզարկության ու առգրավման գործողության ոչ իրավաչափությունը, սակայն պատասխաններ դեռևս չեն ստացել:

Ինչ վերաբերում է խուզարկությունն իրականացրած ոստիկաններին ու քննիչին, ապա, պաշտպանի խոսքով, նրանց դեմ հաղորդում են ներկայացրել`  դատավորի աշխատասենյակի անձեռնմխելիության իրավունքը խախտելու մասով:

Փաստաբանի խոսքը շարունակեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Խոսելով հասարակական կազմակերպության` գործին ներգրավվածության նպատակների ու հիմքերի մասին, նա նշեց. «Օրական տասնյակ հանցագործությունների վերաբերյալ խաբված հաղորդումներ են ներկայացնում դատավորների վերաբերյալ, հատկապես` վերջին շրջանում, երբ մարդիկ, դժգոհ մնալով, փորձում են բոլոր տեղերը գրել:  Ստեղծվել է իրավիճակ, երբ դատավոր Գրիգորյանը շատ հայտնի գործով կայացրել է ոչ իշխանահաճո որոշում, և 4 օր հետոմ չգիտես՝ որտեղիցմ դատախազության բնորոշմամբ «առավել հիմնավոր փաստարկների հիման վրա» արդեն որոշվել է` կա հանցակազմ` որպես նոր երևան եկած հանգամանք, և պետք է բացահայտել»:

Ռուբեն Մելիքյանը միևնույն ժամանակ նշեց, որ ՀԿ-ն իր իրավապաշտպանական աջակցությունն է առաջարկել հարցի բարձրաձայնման հետ կապված` ոչ միայն ներհայաստանյան խողովակներով, այլև արտասահմանյան:

Ինչ վերաբերում է դատավորի աշխատասենյակում խուզարկության, ինչպես նաև փաստաթղթերի ու կրիչների առգրավման փաստին, Մելիքյանն ասաց, որ աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին, հետևաբար` եթե գալիս են բնակարանից որևէ բան տանելու, ապա սեփականատերը պետք է մասնակից լինի այդ գործընթացին։

«Այս ի՞նչ նոր իրավական մոտեցում էր։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` եթե տարածքի տնօրինողն այնտեղ է, ապա նա անպայման մասնակից է դառնում խուզարկությանը, առգրավմանը։ Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունը այս խախտումների նկատմամբ, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա», - վրդովվեց Մելիքյանը։

Նախկին ՄԻՊ-ի համար առնվազն տարօրինակ էր այն` ինչո՞ւ է առաջացել դատավորի աշխատասենյակում խուզարկության անհրաժեշտություն, եթե առգրավում տեղի է ունեցել։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ, նույն կազմակերպության համահիմնադիր Սիրանույշ Սահակյանի խոսքով էլ՝ դատավորի աշխատասենյակում խուզարկություն կատարելով՝ միջամտություն է կատարվել դատավորի մասնագիտական գործունեությանը։

«Եթե ապօրինի խուզարկություններ են տեղի ունենում ֆիզիկական անձանց բնակարաններում, ապա միայն իրավական խնդիրը բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումն է, սակայն եթե ապօրինի խուզարկություն է իրականացվում դատավորի աշխատասենյակում, նշանակում է` մենք գործ ունենք դատավորի մասնագիտական գործունեության խոչընդոտման հետ, մանավանդ` եթե ապօրինի խուզարկության արդյունքում ձեռք են բերվում մասնագիտական գործունեության  հետ կապված կրիչներ, փաստաթղթեր»,- վստահեցրեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, այնուհետև՝ կնքել: Ագրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

Հիշեցնենք` Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։