կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-05 14:28
Հասարակություն

Արցախի նախագահի գլուխը ջարդելը բռնության կոչ է. Անդրանիկ Քոչարյան

Արցախի նախագահի գլուխը ջարդելը բռնության կոչ է. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարում է, որ ինքն է ծեծել, ու դա հետևեց Ազատության հրապարակում դեղին քարտ ցույց տալուն։ Լավ է, որ դեղին են ցույց տալիս, որովհետև կարմիր քարտն ի՞նչ կնշանակի: Սա եղավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանը լրագրողների այն հարցին, թե «Ես եմ ծեծել» բողոքի ակցիան արդյո՞ք հետևանք չէ տևական ժամանակ համացանցում առկա անհանդուրժողականության մթնոլորտի։

«Ընդհանրապես, նախկին ասացվածք կար՝ սովետական միլիցիան ծեծին դեմ է։ Ընդհանրապես, պետք է դատապարտել բռնությունը: Իրավապահ մարմինները համապատասխան գնահատական անմիջապես կարող են տալ»,- ասաց նա։ 

«Հետևա՞նք է»,- հարցը կրկնեցին լրագրողները։ «Սա կոնկրետ գործողություն է, որը բռնություն է պարունակում։ Եթե նայենք հետևանքին, ապա մինչև Տիգրան Մեծի ժամանակները կգնանք»,- պատասխանեց Քոչարյանը։ 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ համացանցում բոլորը՝ թե՛ ներկայիս, թե՛ նախկին իշխանությունների ներկայացուցիչները բռնության կոչեր են հնչեցնում, ու տպավորություն է, թե մրցում են՝ ով ավելի ուժգին կհայհոյի, և հարցին` հնարավոր չէ՞՝ առաջին քայլն անեն իշխանությունները, որ ցրվի կուտակված լարվածությունը, հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ իր տեսակետը բռնությունների նկատմամբ բացասական է:

Yerkir.am-ի հարցին, թե Արցախի նախագահի գլուխը քարերով ջարդելու կոչը բռնություն չէ՞ր, որին, ի դեպ, իշխանությունները չարձագանքեցին, Անդարնիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մամուլի հրապարակումները պետք է վերցնել հիմա ու համապատասխան գործ հարուցել։ Իսկ Արցախի նախագահի գլուխը ջարդելը բռնության կոչ է: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն դատապարեն, այլև պարզեն հետևանքներն ու կանխեն դրանք»։