կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 20:50
Քաղաքական

Ակնկալում ենք` գործող իշխանությունը ժամ առաջ հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով. Արծվիկ Մինասյան

Ակնկալում ենք` գործող իշխանությունը ժամ առաջ հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով. Արծվիկ Մինասյան

Այն անօրինականությունը, այն այլանդակությունը, որ ամիսներ շարունակ թե' եթերից, թե' սոցիալական ցանցերից հնչում է ամբողջ հանրության առջև, սերմանում է ատելություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը եկել էր ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ տեղի էր ունենում «Ես եմ ծեծել» ինքնաբուխ բողոքի ակցիան: 

Նա նշեց, որ տևական ժամանակ է` ինչ հրապարակային կոչեր են հնչեցվում Արցախյան ազատամարտի հերոսների դեմ, հնչեցվում են հրապարակային սպառնալիքներ Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Պարգև սրբազանի, Արցախի նախագահի, Արցախյան պատերազմում մարտնչած հայորդիների հասցեին:

«Եվ այդքանից հետո, տեսնում ենք իշխանությունների ակնհայտ անտարբեր, փնթի, առանձին դեպքերում նաև հրահրող կոչեր, և բնական է, որ հասարակության մեջ լինելու են նաև ընդվզումներ: Եվ մարդիկ, տեսնելով այս անգործությունը, գնում են իրավունքի ինքնապաշտպանության ճանապարհով: Այս երևույթը կարող է նաև շարունակական բնույթ կրել: Եվ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են: Պետք է ժամանակին կանխվեր այն այլանդակությունը, որը հնչում էր հրապարակայնորեն: Իսկ իշխանությունը ցուցաբերում էր քար լռություն, անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես չի գալիս՝ դատապարտելու իրենց արժանապատիվ քաղաքացի համարող, բայց իրականում ոչ մի արժեքային համակարգ չունեցող անձանց: Հակառակը` թույլատրում է, հիմնավորում, թե  ժողովրդավարական ճանապարհով ենք գնում, և ամեն մեկն ինչ ուզենա, կարող է ասել, արդյունքում էլ հրապարակային վիրավորանքն ու սպառնալիքը դառնում է առօրյա երևույթ: Իսկ պատասխանն էլ այսպես է լինելու: Կոչ եմ անում իշխանություններին` օր առաջ վերջ տալ այս վիճակին: Դատապարտել և հետևողական լինել անհանդուրժողական և թշնամություն սերմանող վարքագծի նկատմամբ, որն այսօր տիրում է մեր երկրում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: 

Նրա խոսքով` չի կարող 130 տարեկան քաղաքական ուժն ինչ-որ տեղ նաև հանդուրժի որևէ բռնություն` անկախ նրանից, թե ում նկատմամբ է կիրառվում, եթե հրապարակային այլանդակությունները համարժեք արձագանք չեն ստանում: Երբ այսօր ոստիկանության բաժին քաղաքացիներն ինքնաբուխ ներկայանում են և միջադեպի պատասխանատվությունն իրենց վրա վերցնում, դա վկայում է, որ դա կարող է ավելի լայն տարածում ունենալ, և  սա պատճառը, որ պետք է կանխվի բոլոր բացասական հետևանքները: 

«Այսօր առավոտյան մեր քաղաքացիներն ինքնաբուխ ընդվզեցին այսպիսի երևույթների դեմ: Ժամ առաջ գործող իշխանությունը պետք է քայլ իրականացնի, որպեսզի բացասական դրսևորումները տարածում չստանան: Մենք, այսօրվա ինքնաբուխ ընդվզման տեղեկությունը ստանալով, կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ չխանգարել ոստիկանությանը հավելյալ ցուցմունքներով, թողնենք, որ ոստիկանությունն իր գործն անի: Ակնկալում ենք, որ գործող իշխանությունը ժամ առաջ հանդես կգա լարվածությունը լիցքաթափելու կոնկրետ քայլերով, իսկ հրապարակային սպառնալիքներ հնչեցրած, թշնամություն սերմանող մարդիկ կենթարկվեն իրավական պատասխանատվության»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը: