Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում` Պռոշյանում լարված մթնոլորտը լիցքաթափելու համար: «Ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյանի գյուղապետ, իրոք ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Հետո պղծեցին Ազատամարտիկների հուշարձանը, գյուղի կենտրոնում հայհոյանքներ գրեցին զոհվածի հասցեին: Ընթանում է նախաքննություն: Ե'վ հանրությունը, և' մենք համբերատար սպասում ենք իրավապահ մարմինների բացահայտմանը: Սակայն ինչ-որ ուժեր փորձում են լարել Պռոշյանի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտը»,-հայտարարեց Վարդանյանը եւ հիշեցրեց, որ շուտով գյուղում նոր ընտրություն է տեղի ունենալու:
Ըստ նրա` մինչ այդ Կոտայքի մարզպետը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մի կնոջ, որին պռոշյանցիները չեն ընդունել՝ ունենալով իրական մտահոգություն, որ այդ անձի նշանակումը ավելի է սրելու վիճակը:
«Մարզպետն ասում է՝ ես իմ իրավասությունների շրջանակում ընդամենը կատարել եմ իմ պարտավորությունները և որևէ մեկի հետ պիտի չհամաձայնեցնեի: Հարգելի' կառավարություն, մենք մեր գյուղերը գիտենք, գիտենք՝ ինչ վիճակ է Պռոշյանում, վստահ եմ՝ մարզպետն էլ գիտի: Ինչո՞ւ ենք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ ենք ուզում ապացուցել: Պարտադի՞ր է, որ պարտավորության կատարումն անպայման ծառայի դժգոհության մեծացմանը: Քի՞չ են դժգոհության օջախները: Կրկնում եմ՝ այդ գյուղում հուլիսի 14-ին ընտրություններ են: Ի՞նչ եք անում, որ պռոշյանցիները ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը, որ ոչ թե սրվի, այլ լիցքաթափվի մթնոլորտը»,- հետաքրքրվեց դաշնակցական պատգամավորը:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ի պատասխան, վստահեցրեց, որ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը գործել է օրենքի սահմաններում, եւ օրենքը ենթադրում է, որ մարզպետը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Գևորգյանն ասաց, որ զրուցել է մարզպետի հետ, որն էլ պնդել է, որ ճիշտ ընտրություն է կատարել։ «Դուք հիմա բնութագրում եք մի մարդու, որին չեք ճանաչում»,- ընդգծեց նա։ Փոխվարչապետը նշեց, որ բոլորը պետք է առաջնորդվեն ոչ թե ցանկություններով, այլ օրենքի տառով։ «Ես կոչ կանեմ բոլորին` զսպվածություն դրսևորել, որպեսզի համայնքում տեղի ունենան նորմալ ընտրություններ»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ եթե գյուղը դեմ է, պետք չէ ասել, որ դա օրենքի տառին համապատասխան է։ Նա տեղեկացրեց, որ գյուղացիները մարզպետին խնդրել են մինչև ընտրությունները նշանակել չեզոք մարդու։