Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում շարունակում է պահպանվել բարձր մակարդակմ և հակասություններ չկան: Երևանում մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ասեմ՝ այն երեք տարիները, որ ես այստեղ աշխատում եմ, ցույց են տալիս, որ աճն ակնհայտ է: Մասնավորապես` 2017 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 2.5 մլն դոլարով, որը մոտ 28 տոկոս է, 2018 թվականին աճը կազմել է 50- 52 տոկոս»,- ասաց դեսպանը:
Ըստ նրա՝ եթե երկու երկրների բիզնեսի փոխադարձ հետաքրքրությունները դրվեն համակարգված հիմքի վրա, ապա լուրջ արդյունքներ կլինեն, այնուամենայնիվ, հայկական ապրանքների արտահանումը Ղազախստան աճում է: Առաջին տեղում գինու, կոնյակի արտահանումն է, որը 2016 թվականին կազմում էր 22 տոկոս, իսկ վերջին տվյալներով հասել է 38-ի: Երկրորդ տեղում թանկարժեք զարդերն են, որով միշտ առանձնացել են հայ վարպետները:
Ղազախական ընկերություններն իրենց հերթին հետաքրքրված են Հայաստանի շուկայով, ավելին, ըստ դեսպանի, նախապատրաստվում է պայմանագրային լավ բազա, որն ավարտման փուլում է:
«Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի փորձով, հետաքրքրում է հատկապես «Թումո» կենտրոնի փորձը: Ակնկալում ենք, որ նման կենտրոն կբացվի նաև Ղազախստանում: Մենք հետաքրքրված ենք նաև կրթական այլ ծրագրերով՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ղազախական գործընկերները ներկայում քննարկումներ են անցկացնում համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշեց Թիմուր Ուրազաևը: