կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 16:21
Հասարակություն

Հայտարարվում է անցումային արդարադատության և վեթթինգի ինստիտուտի մասին, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել. Մանե Թանդիլյան

Հայտարարվում է անցումային արդարադատության և վեթթինգի ինստիտուտի մասին, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել. Մանե Թանդիլյան

Ըստ էության, մենք իշխանությունների կողմից գործողություն չենք տեսել, հայտարարվում է անցումային արդարադատության մասին, վեթթինգի ինստիտուտի մասին նշվեց, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը:

Նա մասնավորապես նշեց. «Նույն վեթթինգը կարելի էր անել իշխանափոխության հենց հաջորդ օրը, մենք պետք է դա անեինք, ու հետո սկսվեին դատական պրոցեսները, որոնք հիմա ընթանում են երկրում»:

Թանդիլյանի համոզմամբ՝ ԼՀԿ–ն պատրաստ է աջակցել դատարանների բարեփոխման ու դրանցում վեթթինգի իրականացմանը: «Փաստացի ասում ենք, որ հայտարարությանը, որ արվեց, և այն ցանկությանը, որը հայտարարության մեջ ֆիքսված էր, մենք պատրաստ ենք աջակցել, որով դատական համակարգը բարեփոխման պետք է ենթարկվի»,- ասաց նա:

Հաշվի առնելով դատաիրավական համակարգի կոռումպացվածությունը և հանրության տոտալ անվստահությունը` պատգամավորը կարծում է, որ ՀՀ իշխանությունները ժամանակ են կորցրել: «Մենք այն ժամանակ և հիմա էլ ավելի կարիք ունենք դատաիրավական համակարգի բարեփոխման և, որպես անցումային արդարադատության գործիքակազմ, վեթթինգի կիրառման՝ հաշվի առնելով այն դատական պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան և տեղի են ունենում: Այս պահին երկրում արտառոց իրավիճակ է, և կան բազմաթիվ հարցեր, որոնք Ազգային ժողովի տիրույթում կարող են քննարկվել»,- ասաց պատգամավորը:

Հենց սա հաշվի առնելով էլ`ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր կազմակերպել` ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Ստորագրահավաքին միացել էին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ, և նրանց հաջողվել էր ստանալ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը։ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարց համարել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և դատական համակարգում ստեղծված վիճակը։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կասեցմանը, ապա այն, Թանդիլյանի կարծիքով,  էլ ավելի է սրում իրավիճակը և ի ցույց է դնում, որ այն հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ, հենց կապված էին Քոչարյանի կալանքի փոփոխման հետ:  «Այն, ինչ իրականացվեց, կարող է օգտագործվել մեր պետության դեմ, օրինակ՝ Եվրոպական դատարանում։ Եվ այդ մասին հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ես չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի Եվրոպական դատարան, ու որոշում կայացնեն մեր դեմ։ Մենք դա էինք ասում` մի' տվեք այդ հաղթաթուղթը Քոչարյանի պաշտպանական խմբին»,- եզրափակեց պատգամավորը: