կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 20:41
Հասարակություն

Հայ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

Հայ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում, հայտնում են գյուղնախարարությունից։

 Այդ նորարարություններին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր փորձագետ Հարություն Մնացականյանի հետ այցելել էր Սիփանիկ համայնք։ Նրանք շրջել են ջերմատանը, զրուցել ֆերմերի հետ։

Այժմ ջերմատան ընդհանուր մակերեսը 1000 քմ է, որից 500 մ-ի վրա ֆերմերը լոլիկ է աճեցնում, իսկ մյուս հատվածում՝ վարունգ, մեկ քմ-ից մոտ 40 կգ լոլիկ և 50 կգ վարունգ է ստանում։

«Ես արդեն հարմարվել եմ Հայաստանի պայմաններին, որ քիչ ֆինանսներով կարելի է շատ գործ անել», - պատմում է  նա։

Ցրտից պաշտպանելու հատուկ համակարգի շնորհիվ էականորեն կրճատել է ջեռուցման ծախսերը, իր խոսքով՝ օրական 15 000 դրամի փոխարեն ընդամենը 3000 դրամ  գազի վճար է մուծում։ Ամռան շոգն Արտակի ջերմոցին նույնպես վնաս չէ։ Իր ստեղծած խոնավեցման համակարգի միջոցով, որը գետնի տակից սառը ջուրը քաշում է և փչում ջերմոցի վրա՝ մոտ 10 աստիճանով կարողանում է սառեցնել  օդը։ Հրաժարվել է թունաքիմիկատներից, թռչող վնասատուների դեմ պայքարի իր միջոցն է գտել՝ սովորական էլ. լամպով փոքրիկ ինքնաշեն սարքը դեպի իրեն է գրավում թիթեռներին ու միջատներին, իսկ օդափոխության համակարգի միջոցով դրանք հավաքվում են  ցանցի մեջ։  

Եթե 100 քմ վրա մեկ հատ նման սարք տեղադրվի, ապա պայքարի այլ միջոցների կիրառության անհրաժեշտություն չի լինի՝ վստահ է ջերմոցատերը։ Վնասատուների դեմ պայքարի մեկ այլ միջոց է ստերիլ գոմաղբի օգտագործումը։ Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ  է ներդրել,  վստահեցնում է՝ շուրջ 5 անգամ խնայողություն է ունենում, խնայում է նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը. այգին ոռոգելիս լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա՝ պարզապես բացում է ջրի ծորակն ու անցնում այլ գործերի։

Ֆերմերը շուտով պատրաստվում է բերքահավաքի։ Բերքի իրացման խնդիրներ չունի, որակը բարձր է, պահանջարկը՝ մեծ։ Եթե նախորդ տարի ուրիշ ֆերմերների վարունգը 20 դրամով էին մթերում,  իր աճեցրածն իրացրել է  100-120 դրամով, իսկ լոլիկի ինքնարժեքը ձմռանը կազմում է ընդամենը 100 դրամ:

Հետագայում Արտակ Ղարանլղցյանը նախատեսում է ջերմոցը վերածել օրինակելի ջերմատնային տնտեսության:

«Ուրախ եմ, որ մեր երկրում ապրում են նման քաղաքացիներ, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Ձեզ նման ֆերմերները հասնեն հաջողության: Հուսով եմ, որ այս ջերմոցը մի քանի տարի անց օրինակելի տնտեսություն կդառնա և վստահ եմ, որ Ձեր գաղափարները կհետաքրքրեն և կոգեշնչեն մյուս  ֆերմերներին ևս», - նշել է Արտակ Քամալյանը: