կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 13:36
Առանց Կատեգորիա

Ինքնաշեն զենքի վերադարձը

Ինքնաշեն զենքի վերադարձը

«Ծնողներն իրենց որդիների արարքը բնորոշեցին իբրեւ ստորություն»:

 

Սա ՊՆ այսօր տարածած հաղորդագրությունից մի հատված է: Ի՞նչ են արել որդիները: Նրանք օրերս ծեծել են իրենց ծառայակցին: Զորամասում, ոչ մի կասկած, հոգեւորական էլ կա: Իսկ երեխաները շարունակում են ծեծել, սպանել կամ ինքնասպանվել:

 

Պաշտպանության նախարարությունն արդեն չգիտի, թե ինչպես ազդի անհնազանդ երիտասարդների վրա: Ծնողներն են անցել գործի: Բանակն ամեն ինչ ունի, իսկ ծանր հրետանին ծնողներն են: Իսկ ծնողներն, ախր, իրավունք չունեն նույնիսկ մարդասպան որդու արարքը բնորոշել իբրեւ ստորություն, որովհետեւ կա'մ նրանք ստորի են ուղարկել ծառայության, որին պիտի բանակը խելքի բերեր, կա'մ բանակն է նրանց դարձրել ստոր: Տեղի ունեցածը նրանք համարում է ոչ կանոնադրական հարաբերություններ: Երբ սեփական երեխայիդ վատ արարքը հրապարակավ բնորոշում ես իբրեւ ստորություն, դու շարունակում ես նրա ստորությունը: Լրագրողներն ովքե՞ր են, որ նրանց ներկայությամբ փնովում եք ձեր որդուն: Վատ արարքի համար գոյություն ունի դատարան, իսկ դուք սիրող ծնողներ  եք:

 

Գուցե հարցե՞ր ունենայիք ուղղելու զորամասի ղեկավարությանը: Ինչո՞ւ են մի քանի խղճուկ արարածներ հարձակվում մեկի վրա, ինչո՞ւ բանակն այնպիսին չէ, որ որդիները լինեն միմյանց թիկունք, այլ ոչ թե` դավադիրներ թիկունքում: Ինչո՞ւ է ՊՆ-ն, մեր որդիներին հանրության մագիլներին հանձնելով, փորձում ազատվել նրանցից հրեշներ ձեւավորելու պատասխանատվությունից: Եվ ինչո՞ւ են  ծնողները դառնում այդ մագիլների մի մասը: ՊՆ-ն պատասխա՞ն է տալու, երբ այդ որդիները զորամասից տուն վերադառնալուց հետո փորձեն հաշիվներ մաքրել իրենց ծնողների հետ, չէ՞ որ վտանգավոր քայլն արդեն արված է` հայրերը հանրային պարսավանքի են ենթարկել իրենց որդիներին: Որ ի՞նչ: Որ բանը դատարանին չհասնի՞:

 

Լավ, հայրերը համաձայն են, որ որդիների արածը ստորություն է, որովհետեւ իսկապես լավ բան չեն արել նրանք: Ինչո՞ւ է ՊՆ-ն լրագրողներ բերում զորամաս, որպեսզի ծնողները դա ասեն նրանց: Պարզ է, թե ինչու: Պաշտպանության նախարարությունն ուզում է ասել, որ ծնողները շարունակում են պատասխանատվություն կրել երկու տարի որեւէ վերահսկողություն չունեցող իրենց որդիների վարքի նկատմամբ: Կրում են, կասկած չկա: Բայց, ախր, հոգեւորական եք խցկել զորամասեր, որպեսզի իրար հետ ընդհանուր ոչինչ չունեցող երիտասարդներին դարձնի եղբայրներ: Դուք, ախր, ձեզնից պետք է սկսեք, ոչ թե զինվորներից: Կա՞ զորամասի որեւէ  հրամանատար, որը հրապարակավ կասի, որ շարքային զինվորների նման օգտվում է հոգեւորականի ծառայությունից: Եվ որեւէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ ասել` ո՞րն է հոգեւորականի ասելիքը: Եվ, արդյո՞ք, հոգեւորականները հրամանատարներին ոչինչ չեն ասել Պիղատոսի մասին, որը ձեռքերն է լվացում Հիսուսի հետ սպասվելիքից:

 

Տղայականով հնարավոր չէ՞ հասկացնել այդ հրամանատարներին, որ, տղե'րք, լավ բան չեք անում, որ հայրերի վրա եք գցում զինվորներին փնովելու գործը: Ամենասարսափելին արդեն տեղի է ունեցել` նրանք բանակ են գնացել մինչեւ վերջ բոբիկ ուղեղով: Բայց եթե նրանք զինվոր են, ուրեմն ծնողներն իրավունք չունեն նույնիսկ զորամասում նրանց հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ դատապարտել որդիների արածը: Եթե դա էլ է ծնողի  գործը, տուն ուղարկեք որդիներին: Ինչո՞ւ չեք ուղարկում: Որովհետեւ եթե ուղարկեք, բոլորին եք ուղարկելու: Եթե բոլորին ուղարկեցիք, դուք դադարելու եք ձեզանից ինչ-որ բան ներկայացնել: Ահա թե ինչու են սպաները ծեծում զինվորներին: Որպեսզի շարունակեն իրենցից ինչ-որ բան ներկայացնել: Ի դեպ, դրա համար չստեղծեցի՞ն Հանրային խորհուրդը` որպեսզի վայ ընդդիմադիրները շարունակեն իրենցից ինչ-որ բան ներկայացնել: Թե չէ` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

 

Նախ ստորության մեջ ցույց տվեք Հայաստանի Հանրապետության տեղը: Եթե կարող եք ցույց տալ, ուրեմն չզարմանաք, եթե այդ զինվորները մի օր վերադառնան ձեր ետեւից արդեն ինքնաշեն զենքով:

 

Սեյրան Հանոյան