| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում մայիսի 12-ին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ 13-ամյա հայ Արթուրի կրոնափոխության լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը, որը հանդիպել է Արթուրի մոր հետ:
Իր ֆեյսբուքյան էջում Փայլանը նշել է. «Տեսակցեցայ Նիհաթ Հաթիպօղլուի կողմէ շահագործուած Արթուրի մօր հետ։
 Յայտնեց, թէ յիշեալ հաղորդման մէջ իր զաւկին ներկայութիւնը եղած է առանց իր արտօնութեան։
 Վաղը պաշտօնական գանգատ պիտի յայտնեմ Ռատիոյի ու հեռատեսիլի բարձրագոյն խորհուրդին եւ դատախազութեան՝ մանկանց շահագործում իրականացուցած այս հաղորդման դէմ»:
Արթուրի մայրը` Ալինա Ենգիբարյանը, լուրի տարածումից հետո կապ է հաստատել Փայլանի հետ և նշել, որ իր երեխան միանշանակ մուսուլման չէ:
Թուրքական Evrensel թերթի հետ զրույցի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը հայտնել է, որ հաղորդման ժամանակ աստվածաբան, իսլամիստ քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի` երեխայի ծնողների համաձայնություն ստանալու հայտարարությունը, իրականությանը չի համապատասխանում:
Փայլանը, տեղեկացնելով, որ ընտանիքը արդեն տևական ժամանակ ապրում է Թուրքիայում, նշել է. «Նրա մայրը դեպքի վերաբերյալ ինձ դիմեց: Ասաց, որ դա առանց իր համաձայնության է եղել: Նրա թուրքերենը թերի թուրքերեն էր: Պատմել է, որ շոկի է ենթարկվել` տեսնելով վիդեոհոլովակը: Ասաց, որ իր երեխային շահագործել են, նա կտրականապես մուսուլման չէ»:
Կարօ Փայլանը դեպքը մեծ սկանդալ է որակել և հավելել. «Երեխայի ընկերն ասել է, որ «այնտեղ շատ հայտնի մարդիկ են լինելու, ուտելիք են տալու» և տարել է այդ ծրագրին: 13 տարեկան երեխայի մասին ենք խոսում: Ակնհայտ երեխայի շահագործման փաստի առաջ ենք կանգնել»:
«Անհրաժեշտ քայլերի կդիմեմ: Այս գործին հետամուտ եմ լինելու և RTÜK-ի (Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ) նկատմամբ բողոք եմ ներկայացնելու, հանդիպելու եմ Ընտանիքի և սոցիալական քաղաքականությունների նախարարության հետ». – նշել է հայազգի պատգամավորը: