Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանապահների օրվա միջոցառումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, ստիպված եղավ հիշել իր պատգամավորական գործունեությունից մի դրվագ և ասաց, որ նախկինում ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել, որովհետև չի վստահել նախորդ կառավարությանը։
Ըստ նրա` այժմ իրավիճակ է փոխվել, և Հայաստանի այժմյան կառավարությունը վայելում է ժողովրդի վստահության քվեն և, ըստ անհրաժեշտության, կարող է վարկեր վերցնել։
«Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին։ Ես 90 թվականից շատ բաների մասին եմ խոսել և 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ: Նախկինում դժգոհում էի կարմիր գծերով կայանատեղիում վճարվող 100 դրամ վարձի համար, քանի որ այդ գումարը գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը։ Ու հիմա այդ ընկերությունը, որը գանձում էր այդ 100 դրամները, բազմամիլիոնանոց պարտքը թողել է քաղաքապետարանի վրա ու գնացել, զբաղվում է իր գործերով։ Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Ո՞րն է ձեր պրետենզիան»,- լրագրողների հարցապնդումներին այսպես հակադարձեց երկրի թիվ մեկ դեմքը:
«Ժողովուրդն ավելին է ակնկալում նոր կառավարությունից»,- շարունակեցին լրագրողները:
«Ճիշտ է անում ժողովուրդը, որ ավելին է ակնկալում, և մենք ժողովրդի համար ստեղծում ենք այդ ամենը»,- համաձայնեց Փաշինյանը:
Երիցս անդրադառնալով 50 հազար աշխատատեղերի ստեղծման անհասկանալի թվաբանությանը`նա գովաբանեց իր ղեկավարած կառավարությանը: «Աշխատողները գրանցվել են, դուրս եկել ստվերից, 40 մլրդ դրամով գերակատարելու են պետբյուջեի եկամտային մասը, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության աշխատավարձերը արդեն բարձրացել ենք, 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից արդեն բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, Հայաստանում մուտքի շուկայի որևէ արգելք չկա»,- թվարկեց Փաշինյանը: