Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջիկա ընտրություններին, ՀՀԿ-ի ցուցակին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ցուցակների հետ կապված որևէ որոշակիություն չմտցրեց, միայն նշեց, որ երբ ժամանակը գա, բոլորը կիմանան:
Հարցին` ՀՀԿ ցուցակում կլինե՞ն գեներալներ ու օլիգարխներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն, մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին ՀՀԿ կանանց միջև ընթացող պայքարից: «Այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին ՀՀԿ կանանց մոտ է, ես այլ տեղ չեմ տեսել: Զարմանում եմ` այդքան կին մեկտեղ և այդպիսի համերաշխություն»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ից նեղացածներին` նա նշեց, որ եթե կան նեղացածներ, նրանց պետք է հարցնել: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Բաղդասարյանի խոսքով, նա այդպիսի բան չի ասել: «Ինքը նման բան ասե՞լ է, թե նեղացած է: Ես չեմ լսել նման բան: Ինքը պետք է ասի»,- շեշտեց նա:
Բաղդասարյանը չհամաձայնեց, որ ծանր որոշում պետք է կայացնեն ընտրացուցակները կազմելիս: «Դա մեզ համար ծանր որոշում չէ, դա մեզ համար քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշումները բոլորի համար ընկալելի են: Համենայն դեպս, այդ կարգապահությունը կա մեր կուսակցությունում»,- ասաց նա: