կարևոր
4729 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 11:00
Քաղաքական

Գաղտագողի, արահետներով գիշերները սյուներ են տեղադրում, գաղտագողի ականազերծում անում․ «Հրապարակ»

Գաղտագողի, արահետներով գիշերները սյուներ են տեղադրում, գաղտագողի ականազերծում անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հարենիքի» քաղաքացիական շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն է։

- Շարժման առաջին իսկ օրվանից Դուք Տավուշում եք։ Պայքարի մեկնարկից շուրջ 10 օր անց կարող ենք արձանագրել, որ Տավուշի պաշտպանության համար սկսված պայքարը դուրս է եկել մարզի սահմաններից ու ցանցային դարձել` միացել են տարբեր մարզեր, մայրաքաղաքը։ Ի՞նչ ունենք այս պահին։ 

- Շարժումը, գիտեք, սկսվեց, երբ այս գյուղերի ժողովուրդը դուրս եկավ իր հողը պաշտպանելու։ Սրբազանը, ես եւ էլի մարդիկ, որոնք այս ամենի դեմ 2-3 տարի է՝ պայքարում ենք, գիտեինք, որ այսպես է լինելու, մեզ համար նորություն չէր, բայց ժողովրդի համար անսպասելի էին իշխանության քայլերը։ Այդ մարդկանց հետ աշխատել էին, խոսք էին տվել, թե նման բան չի լինելու, չենք գնալու այդ քայլին, բայց գիտեք՝ ինչպես եկան մարդկանց խաբեցին, եւ ինչ կատարվեց։ Որերորդ օրն է՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է, տարբեր խմբեր, հասարակական կազմակերպություններ, կուսակցությունների ներկայացուցիչներ, մշակույթի, արվեստի գործիչներ, տարբեր ոլորտների մարդիկ եկել, աջակցություն են հայտնել «Տավուշը հանուն հարենիքի» շարժմանը, եւ, այո, սա գնալով դուրս է գալիս Տավուշի սահմաններից։ Ամենակարեւոր արձանագրումը սա է՝ շարժումը տարածվում է։ Իշխանությունները փորձում են սա ներկայացնել որպես ընդամենը մի քանի գյուղի խնդիր, բայց մեզ կարծես հաջողվում է ցույց տալ, որ խնդիրը համազգային է։ Իրենք փորձում են բաժան-բաժան անել, պառակտել մարդկանց, գյուղացիներին ասում են՝ քո տունը գյուղի այս ծայրին է, ինչո՞ւ ես դուրս գալիս պայքարի։ Բայց, սրանով հանդերձ, արդեն արձանագրում ենք, որ մթնոլորտ է ձեւավորվել, անհնազանդության ակցիաներն ամենուր են, ու սա ամենակարեւորն է՝ ժողովուրդը հասկանում է, որ Տավուշի գյուղերից հետո գալու է մյուս գյուղերի ու քաղաքների հերթը։

- Պառակտելուն զուգահեռ, գործի է դրվել ողջ իրավապահ համակարգը` անհամաչափ ուժ են գործադրում, շարժման ակտիվիստներին են մեկուսացնում, կալանավորում` վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Ազդո՞ւմ է։

- Իրենք սարսափում են նրանից, որ իրենց աթոռները կարող են կորցնել, դրա համար դիմում են ցանկացած մեթոդի։ Կիրանց գյուղում, որտեղ ես հիմա գտնվում եմ, 2 օր առաջ ուժ կիրառեցին, գյուղացիների դեմ կարմիր ու սեւ բերետավորներ բերեցին, մարդկանց ծեծուջարդի ենթարկեցին, բազմաթիվ կանայք ու երեխաներ մարմնական վնասվածք ստացան, բայց դրանից հետո մարդկանց թիվը տասնապատկվեց։ Այսինքն՝ որքան իշխանությունը կոշտ մեթոդներ կիրառի, հետեւանքն ավելի վատ է լինելու։ Ժողովուրդը չի նահանջելու։ Իշխանությունն անզոր է, երբ մարդկանց թիվն ավելանում է, երբ կանայք ու երեխաներն են դուրս գալիս պայքարի։ Ոստիկաններն էլ են հասկանում, ասում են՝ մենք էլ չենք ուզում, այս ամենից հոգնել ենք։ 

- Ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների պայմանավորվածություններից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել սահմանազատման անվան տակ, ասում են՝ աշխատանքների 35 տոկոսն ավարտված է, պարբերաբար հրապարակում են, թե քանի սահմանային սյուն է դրվել։

- Գաղտագողի, արահետներով գիշերները սյուներ են տանում տեղադրում, գաղտագողի ականազերծման աշխատանքներ են կատարում։ Բազմաթիվ դիմումներ կան, որ մարդիկ գրել դուրս են եկել, որ չանեն այդ աշխատանքը, բայց այդ գործընթացն ուժով փորձում են առաջ տանել։ Երեկ ես տեղեկություններ ստացա, որ ադրբեջանցիները հայտնվել են Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում։ Ինձ զանգեցին Ոսկեպար գյուղի բնակիչները եւ ասացին, որ շտապ գնամ այնտեղ, երբ գնացի, արդեն գիշեր էր, ադրբեջանցիներ չկային, բայց կայացած փաստ է, որ նրանք եկել ու հարեւանությամբ այդ սյուները տեղադրել են, գործողություններ են արել այդ հատվածում։ Սա է վիճակը՝ իշխանությունը ծեծուջարդով, ճնշումներով փորձում է առաջ տանել իր գործը։

- Փաշինյանը Բլինքենի հետ խոսելիս ասել է, թե Տավուշի գյուղերի մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանց հասցեագրման համար` լղոզված ու ստանդարտ ձեւակերպում, բայց դա վկայում է, որ հնարավոր չէ անտեսել ժողովրդական ընդվզումը։

- Տեսեք, Ոսկեպարի խնդրի հենց սկզբից իշխանությունը մտադիր էր բերել ու մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիներին տեղակայել Ոսկեպարում ու Կիրանցում, հիշում եք իր խոսքերը՝ ասում էր, թե մեկ շաբաթից պատերազմ կլինի, եթե չտանք հողերը։ Հիմա Ոսկեպարի հատվածում այս պահի դրությամբ իրենք այդ, այսպես ասած՝ սահմանագծումը կատարում են եկեղեցուց այն կողմ։ Շարժումը կանխել է, որ այս պահի դրությամբ աղետ չլինի, այսինքն՝ եթե Նիկոլի նպատակը կատարվեր, աղետ էր լինելու Ոսկեպարում, Կիրանց գյուղում։ Այս պահի դրությամբ որոշակի առումով այդ ճնշումն իր արդյունքը տվել է։ Մենք պետք է շարունակենք մեծացնել ճնշումը, պետք է հասնենք նրան, որ գործընթացը, որի անունը դրել են սահմանազատում-սահմանագծում, բայց որն իրականում միակողմանի զիջում է, ամբողջությամբ ճանաչվի ապօրինի։ Այս իշխանություններից հույս չկա, նրանք Ադրբեջանի ու թուրքերի պահանջները միակողմանի կատարում են։ 

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ պայքարից առանձնանում է նրանով, որ առաջին շարքում հոգեւոր դասն է, Բագրատ սրբազանի կողքին են մարզերի թեմակալ առաջնորդները։ Կարծում եք՝ իշխանությունը վախենո՞ւմ է սրանից, հասկանո՞ւմ է, որ եկեղեցին կարող է միավորել, որի շուրջ ապակուսակցական պայքարը մեծանում է։

- Այո, եկեղեցու դեմ այսօր պատվիրված արշավ է սկսված։ Իշխանությունը ցանկացած մեկի դեմ՝ անկախ արժանիքներից, արշավ է սկսում, եթե նա բարձրաձայնում է իրենց ապօրինությունների մասին։ Բացառություն չէ նաեւ սրբազանը, ով հայտնվել է թիրախում։ Թիրախում են նաեւ ազգային ուժերը։ Տարբեր թեմերի հոգեւոր առաջնորդներ՝ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, նաեւ Արցախի թեմի առաջնորդը եկել ու աջակցություն են հայտնել շարժմանը։ Սա վկայում է, որ այն վերկուսակցական, համազգային շարժումը, որից մենք խոսում էինք, կարծես թե սկիզբ է առնում, դրա նախադրյալները կան։

- Քաղաքական էլիտայի դերակատարումն ինչպիսի՞ն պետք է լինի։ Չէ՞ որ հարցը միայն ժողովրդի ընդվզմամբ չի կարող լուծվել, գործընթացներ կան, որ պիտի քաղաքական էլիտան անի։

- Դուք ո՞ւմ եք համարում քաղաքական էլիտա։

- Խորհրդարանական եւ արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերին։

- Օրինակ, ես այստեղ ո՞վ եմ։ Ես ներկայացնում եմ խորհրդարանական ընդդիմությունը։ Այն ուժը, որը ես եմ ներկայացնում՝ «Հայաստան» դաշինքն էլ, ՀՅԴ-ն էլ, ամեն ինչով այս շարժման կողքին է, կա լիակատար աջակցություն։ Ամեն օր տարբեր պատգամավորական խմբեր են գալիս, աջակցում են, ամեն կերպ կանգնած են այս շարժման կողքին, բայց կարեւոր է արձանագրել, որ սա համազգային շարժում է, սա մեկ կուսակցության, մեկ քաղաքական ուժի խնդիր չէ, սա վերկուսակցական, համազգային խնդիր է, եւ մենք հենց դա պետք է կարողանանք ապահովել։

- Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ, երբ արդեն բոլոր կարմիր գծերը հատված են, կհաջողվի՞ երկրում իրավիճակ փոխել։

- Այս պայքարը հաջողելու է, կոնկրետ ժամանակի առումով ոչինչ չեմ կարող նշել, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, բայց եթե այս շարժումը չհաջողի, Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն պրոբլեմներ են լինելու։ Դա ոչ միայն մեր գյուղերի, սահմանների անվտանգության խնդիր է, այլեւ այն, որ հերթական պահանջը բավարարված տեսնելով, Ադրբեջանը գալու է հաջորդ պահանջի հետեւից, այսինքն՝ եթե սա չկասեցնենք, աղետը շարունակվելու է, մեծանալու է։ Այս իշխանությունը բացեիբաց ասում է՝ մարտահրավերները չենք կարող, չենք ուզում, ի վիճակի չենք առնել, հանցավոր համաձայնության են եկել։ Ինչպես ուզում է բնութագրենք, եղելությունը չի փոխվում, մենք չհաջողելու հնարավորություն չունենք, պետք է ազգովի կանգնենք, դրա նախադրյալները կան»։