կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 18:20
Քաղաքական

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. պաշտպանության փոխնախարար

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. պաշտպանության փոխնախարար

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով ՀՀ պաշտպանության նախարարության տեսլականը ուղղված է դրան: Այս մասին ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

«Պաշտպանության նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնենք, այլ նաև կարող եմ ասել, որ մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ այդ հայտարարությունը որպես ագրեսիա ընկալելը միամտություն է: Նա նկատեց, որ գուցե հակառակորդը չի խորանում այն իմաստի մեջ, ինչը նախարարն իր խոսքում ասել է և կտրտված կերպով է մեկնաբանում:

Բալայանը շեշտեց նաև, որ ողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը ոչ ոք նվեր չի տվել Հայաստանին: «Այն հարաբերական անդորրը, որ կա, պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն»,-ասաց փոխնախարարն ու նշեց, որ խաղաղություն պարտադրելու ձևերը տարբեր են՝ ռազմական, դիվանագիտական, անձնական շփումների միջոցով և այլն: