|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրպանդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:
Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտեցին այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:
Դոնատիլ Մուկաբալիսան ողջունեց և բարձր գնահատեց Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: