կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 23:35
Արցախ

Արցախում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի մասնակից Օնիկ Գրիգորյանի կիսանդրու բացումը

Արցախում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի մասնակից Օնիկ Գրիգորյանի կիսանդրու բացումը

Այսօր Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի` Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Օնիկ Գրիգորյանի անունը կրող դպրոցում տեղի է ունեցել նրա կիսանդրու բացման արարողությունը:

Կիսանդրին կառուցվել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի կողմից՝ հարազատների մտահղացմամբ ու հովանավորությամբ:Բացման առաքելությունը տրվել է նրա զավակներ՝ Տաթև և Հովհաննես Գրիգորյաններին: Արարողությանը դպրոցի աշակերտների կողմից հնչել են հայրենասիրական բանաստեղծություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, ով իր խոսքում նշել է, որ Օնիկ Գրիգորյանի նման անձինք գնացին գիտակցված մահվան՝ դառնալով նահատակներ:

«Յուրաքանչյուր ոք մի օր ծնվել է, մի օր էլ կմահանա: Մարդկանց մահվան պատճառները տարբեր են, բայց կա մի այնպիսինը, որ իր բնույթով տարբերվում է մյուսներից: Այն գիտակցված մահն է՝ հանուն հայրենիքի, հավատքի ու ժողովրդի: Նա իր ընկերների հետ ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիտակցված մահն անմահություն է , իսկ մարդ մահանում է այն ժամանակ, երբ նրան դադարում են հիշել»,- ասել է նա:

Նվիրյալի մարտական ընկեր Կարեն Տոնյանն իր ելույթում մասնավորապես նշել է , որ Օնիկ Գրիգորյանն իր անձնական օրինակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ արցախցին վախկոտ չէ և ոչ մի թիզ հող թշնամուն չի տա: «Նա ապացուցեց, որ ոչ մի թշնամի մեզնից չի կարող խլել այն, ինչ մեր պապերն են մեզ ժառանգել: Նա ազնիվ, մաքուր խղճով , ընկերամոտ ու համարձակ անձնավորություն էր, ով արցախցուն ցույց տվեց դեպի հաղթանակ տանող ուղին»,- նշել է Կ. Տոնյանը:

Միջոցառումը եզրափակվեց Օնիկի հոր՝ Կարո Գրիգորյանի շնորհակալական խոսքով , ով, պատմելով որդու անցած ուղու և ապրիլյան օրերին իրենց զգացած տառապանքի մասին, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր կիսել են իրենց վիշտը:

«Օնիկի կիսանդրին մարմնավորում է այն բոլոր նվիրյալներին, ովքեր պատերազմից չվերադարձան միայն ֆիզիկապես , բայց հոգեպես միշտ ժողովրդի հետ մնացին: Այս հուշարձանն անցյալը կապում է ներկայի հետ և ուղիներ հարթում ապագայի համար: Թող այսուհետ մեր ժողովուրդն այլևս արյուն ու արցունք չտեսնի և զինվորական համազարկը հնչի միայն հաղթության համար»,-մասնավորապես ավելացրել է նա:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեական դաստիարակչության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինակից ընկերներ, ուսուցիչներ, հարազատներ: