կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 15:46
Հասարակություն

Բանակում կա կարգուկանոն, պետք է ենթարկվել դրան, և դրանից դուրս չպետք է առաջարկեն որոշակի օրենքներ. ապրիլյան պատերազմի մասնակից

Բանակում կա կարգուկանոն, պետք է ենթարկվել դրան, և դրանից դուրս չպետք է առաջարկեն որոշակի օրենքներ. ապրիլյան պատերազմի մասնակից

Եթե կա հրամանատար, հրաման, ուրեմն պետք է ենթարկվել, հակառակն անընդունելի է: Այսօր լրագրողներին ասաց «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, հատուկ նշանակության բրիգադի կազմում ապրիլյան պատերազմի մասնակից Յուրիդա Գաբրիելյանը՝ անդրադառնալով Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին: 

«Ես որակավորումներ չեմ տա, բայց կասեմ՝ եթե կա խումբ, խմբի հրամանատար, մեզ մոտ հրամանին չենթարկվել չկա: Կա հրաման, կա որոշակի խնդիր, որը պետք է կատարվի, և դա կատարվում է` անկախ ամեն ինչից: Մեր պարագայում հրամանին չենթարկվելը կարող է ավելի բարդ հետևանքների հանգեցնել, այնպես որ՝ հրամանին չենթարկվելն այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա  «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ Վահե Աթանյանն իր հերթին հավելեց. «Եթե բանակում կա կարգուկանոն, պետք է ենթարկվել դրան, և դրանից դուրս չպետք է առաջարկեն որոշակի օրենքներ և այլն: Այսինքն՝ զինված ուժերում ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ պիտի լինի այդ օրենքներին համապատասխան, իսկ որևէ բնորոշում տալ այդ դեպքերին ես նույնպես չեմ ցանկանա, քանի որ ՊՆ-ն արդեն իր որակավորումը տվել է, որը հիանալի որակավորում էր»:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի էր ունեցել միջադեպ, երբ զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը, ապա` մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել էին Կապանի, այնտեղից էլ` Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, այնուհետև տարել էին առաջնագիծ: Միջադեպի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և իշխանությունը չարաշահելու հատկանիշներով: