կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 13:03
Հասարակություն

Բինգո վագրին բուժելու համար մասնագետների կոնսիլիում է հրավիրվել. նրա մոտ լեյկոզ է ախտորոշվել

Բինգո վագրին բուժելու համար մասնագետների կոնսիլիում է հրավիրվել. նրա մոտ լեյկոզ է ախտորոշվել

Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել այնտեղ բնակվող վագրի`Բինգոյի վատառողջ լինելու վերաբերյալ: 

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր: Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվեցին կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն նկատեցին:

Հրավիրվեց օնլայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ: Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Տեղեկացնենք, որ կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի են բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում: Տեսանյութում՝ հատված Բինգոյի սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքից»: