Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիզուալ պատմության արխիվի մեթոդներն ու նորարարական մոտեցումները, ինչպես նաև վկայությունների ուղղությամբ կատարված աշխատանքներն այցելուներին ներկայացվեցին պանել-քննարկման, սեմինարի ու փոխգործակցության վրա հիմնած ցուցադրությամբ։ Հրանտ Դինք հիմնադրամի ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 22-23-ին, Հրանտ Դինքի հիմնադրամի` Անարատ հղություն շենքում։
2007 թ. ստեղծված, շահույթ չհետապնդող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի վիզուալ պատմության ու կրթության ինստիտուտում է գտնվում ցեղասպանություններից մազապուրծ եղածների ու ականատես վկաների հետ արված տեսաձայնագրությունների` աշխարհում ամենամեծ արխիվը։
Շոա հիմնադրամում աշխատող Մանուկ Ավետիքյանն ու Սեդա Անթեքելյանը պատմեցին հիմնադրամի աշխատանքների, վիզուալ պատմության արխիվի ու Iwitness (ականատես) կրթական հարթակի մասին։
-Շոա հիմնադրամում ի՞նչ աշխատանքներ եք կատարում:
Մանուկ Ավետիքյան– Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի վիզուալ պատմության ու կրթության ինստիտուտում նախագծի մասնագետ եմ։ Աշխատում եմ Հայկական հավաքածուի վրա։ Վավերագրող Ջ. Մայքլ Հակոբյանի կողմից ստեղծված հայկական կինոյի հիմնադրամի հավաքածուով էլ եմ զբաղվում։ Խմբավորել եմ այդ հավաքածուի 333 հարցազրույցները։ Բոլոր հարցազրույցները թարգմանել ենք անգլերեն։ Հավաքածուն հասանելի է նաև հայերենով, թուրքերենով, քրդերենով, հունարենով, արաբերենով։ Այսինքն՝ խոսքը գնում է միջազգային հանրության համար բավականին հասանելի մի հավաքածուի մասին։ Իսկ հիմա Ռիչարդ Հովհաննիսյանի «Ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի» վրա ենք աշխատում։ Դա Հայոց ցեղասպանության վկայությունների ամենամեծ հավաքածուն է։ Հիմնականում բաղկացած է անմիջապես Ցեղասպանության ականատեսների հետ արված հարցազրույցներից։ Բացի այդ, թեև քիչ թվով, սակայն նրանց սերնդին պատկանող, բայց Ցեղասպանությանն անմիջապես ականատես չեղած մարդկանց վկայություններն էլ են ներառված։ Այն օսմանյան ժամանակաշրջանից մինչև հետցեղասպանական ժամանակաշրջանն ընդգրկող շատ կարևոր հավաքածու է։ Կալիֆորնիայի համալսարանում արվող աշխատանքների ընթացքում այդ հարցազրույցները հիմնականում իրականացրել են Հովհաննիսյանի ուսանողները։ Հավաքածուի ուղղությամբ աշխատանքները մինչ օրս էլ շարունակվում են։
-Այդ հավաքածուն հեշտ հասանելի՞ է։ Բոլորի համար բա՞ց է։
Մ.Ա.- Մեր առաջնային նպատակը հարցազրույցները ամենաբարձր որակով պահպանելն է, ապա՝ նրանց հասանելիությունն ապահովելը։ Իմ գործը այդ հարցազրույցների ամեն րոպեն խմբավորելն է։ Ամեն րոպեն ունի բանալի բառեր։ Օրինակ՝ 5-րդ րոպեին Ադանայում; սոված, երաժշտություն ու նման բանալի բառեր են հանդիպում։ Վիզուալ պատմության արխիվի շնորհիվ դրանք տեսանելի ենք դարձնում։ Աշխարհում որոշակի երկրներից է արխիվն ամբողջությամբ հասանելի։ Սա աշխարհի ամենամեծ բանավոր արխիվն է, որտեղ կան 55 հազար հարցազրույցներ։ Որոշակի վայրերից արխիվն լիովին հասանելի է։ Օրինակ՝ որոշ համալսարանների տարածքներից այդ հասանելիությունն ապահովված է։ Դրան զուգահեռ` միայն մեկ հաշիվ է հնարավոր բացել ու արխիվի մի սահմանափակ մասը հեշտությամբ ուսումնասիրել։ Սակայն դա ամբողջ արխիվի միայն 10 տոկոսն է կազմում։
– Թուրքիայում ու Հայաստանում կա՞ն վայրեր, որտեղից ամբողջ արխիվը հասանելի է:
Մ.Ա.- Ցավոք սրտի, երկու երկրներում էլ դեռևս չկան նման վայրեր։ Հուսով եմ՝ ապագայում դա հանրավոր կլինի անել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում։
-Շոա հիմնադրամում աշխատելուց առաջ ինչո՞վ էիք զբաղվում
Մ.Ա.- Բարձրագույն դպրոցում պատմություն եմ սովորել։ Հետո սոցիոլոգիայի բնագավառում ազգայնականության վերաբերյալ աշխատանքներ եմ կատարել։ Եղել եմ նաև լրագրող։ Հայաստանում եզդիների մասին մի ուսումնասիրություն եմ արել։ Դա էլ է արվել ազգայնականության վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակներում։
-Շոա հիմնադրամում կատարած աշխատանքերի մասին կպատմե՞ք:
Սեդա Անթեքելյան– Շոա հիմնադրամում աշխատում եմ որպես կրթության ու հասարակական պատասխանատվության մասնագետ։ Ըստ էության, աշխատում եմ կրթական աղբյուրների զարգացման վրա։ Այսինքն՝ մեծ մասամբ ԱՄՆ-ին համապատասխան, սակայն համաշխարհային ընթերցողներին ու ունկնդիրներին էլ ուղղված բովանդակություն ենք կազմում։ Հայոց ցեղասպանության մասին եղած վկայությունների հավաքածուի միջոցով հայերի պատմությունը ցանկանում ենք պատմել աշխարհին։ Ըստ էության, մեր գործը, Մանուկ Ավետիքյանի արած գործը հիմք ընդունելով, դպրոցականից մինչև համալսարանական խմբերին պատմությունը պատմելն ու ցույց տալն է։ Ձեռքի տակ պատրաստի աղբյուրներ կան։ Այդ աղբյուրները ուսուցիչների կողմից անմիջապես կարող են կիրառվել լսարանում։ Տեսաձայնագրություններից կազմված` Հայոց ցեղասպանության մասին վկայություններն անմիջականորեն կարող են օգտագործվել այդ խնդիրը ներկայացնելու կամ նույն ականատեսների միջոցով համամարդկային հարցերի վրա հայացք գցելու համար։ Օրինակ՝ ատելության պատճառած հետևաքները հասկանալու համար «Մենք ու նրանք» խորագրով դաս ունենք։ Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից փրկվածների ու Ռուանդայի ցեղասպանությունից փրկված թութսիների պատմություններով ցույց է տրվում ատելության հիմքը հանդիսացող «մենք ու նրանք» մտածելակերպի պատճառած վնասները։ Աշակերտներն այդ պատմությունների մասին իմանալուց հետո ավելի ողջախոհ որոշումներ կարող են ընդունել։ Դրանք կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ ընդունած որոշումների հետևանքները, արդյունքները։ Նախատեսվում է, որ այդ վկայությունները դիտող, լսող աշակերտների մոտ իրական փոփոխություններ տեղի կունենան, նրանք հասարակական պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա ու հասարակությանը օգուտ կտան։ Նպատակն է նաև այն, որ նրանք դիմացինին տեսնեն որպես մարդ։ Մի մարդու անհատական պատմությունն են լսում։ Այսինքն՝ իրադարձությունը վերածվում է մի մարդու հետ պատահած իրական պատմության։ Դրանով էմպատիա, մարդկանց միջև կապ է ստեղծվում։
– Կրթական այս մոդելը որտե՞ղ է կիրառվում, դպրոցներու՞մ, թե՞ Շոա հիմնադրամի կազմակերպած կրթական ծրագրում:
Ս.Ա.- Մեր կրթական հարթակը մեր առցանց կայքում է զետեղված։ Անվճար է, ուսուցիչների ու աշակերտների, մի խոսքով՝ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար բաց է։ Կրթական հարթակի անունն է ‘Iwitness’ (ականատես)։ Ներկայում կիրառվում է 90 երկրներում։ Մոտ 148 հազար գրանցված ուսուցիչներ ու աշակերտներ ունենք։ Դասընթացավարները կամ ուսուցիչները կարող են հաշիվ բացել ու օգնել աշակերտներին կիրառել հարթակում եղած տեղեկությունները։
– Ինչպե՞ս սկսեցիք աշխատել Շոա հիմնադրամում։ Մինչ այդ կրթության ոլորտում նման աշխատանքեր կատարել ե՞ք:
Ս.Ա.- Այո՛, ուսուցիչ եմ։ Պատմության ու հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետ եմ։ Մագիստրատուրայում էլ մանկավարժություն եմ սովորել։ Կրթության ոլորտում ունեմ 8 տարվա փորձ։
– «Մեր նպատակը վկայություններով կրթելն է». Հրանտ Դինքի հիմնադրամի հետ միասին կազմակերպված պանել-քննարկման մասին կպատմե՞ք։ Այդ միտքն ինչպե՞ս առաջացավ։
Մ.Ա.-Հայատան այցելեցինք։ Մեր նպատակն այնտեղի կրթական համակարգն ուսումնասիրելն էր։ Հայաստանում եղած ժամանակ Հրանտ Դինք հիմնադրամի ընկերներից մեկը մեզ հրավիրեց այդ քննարկմանը։ Այդ ընթացքում ներկայացրեցինք Շոա հիմնադրամի պատմությունը, արված աշխատանքները։ Քննարկումը բավականին հետաքրքրություն առաջացրեց։ Երկրորդ օրը սեմինար անցկացրեցինք։ Ես ներկայացրեցի վիզուալ պատմության արխիվից օգտվելու ուղիները։ Նաև ներկայացրեցի մեր հիմնադրամի կողմից վկայություններին ուղղված նորարական մոտեցումները։ Մեր նպատակը դրանք պահպանելն ու դրանցով կրթելն է։ Այդ կրթությունն էլ հնարավոր չէ միշտ տալ ավանդական մոդելներով։ Օրինակ՝ ունենք ինտերակտիվ կենսագրություններ։
Ս.Ա.- Տեղական կառույցների հետ մեր աշխատանքն օգնում է մեր կողմից մշակված կրթական բովանդակությունը տեղայնացնել։ Օրինակ՝ Հայաստանում կրթական կառույցի, մի ինստիտուտի հետ համագործակցության ժամանակ կրթական մոդելները պատրաստում ենք այդ տեղի կրթական համակարգին, դպրոցներին համապատասխան։ Թուրքիայի դեպքում էլ է այդպես։ Պետք է հետաքրքրվող անձանց համար հարմար մոդել կազմել։ Ցանկացած երկրի պարագայում այդպես ենք աշխատում։ Վկայությունների վրա հիմնված կրթական մեթոդը կազմում ենք այդ երկրում առկա ուսումնական պլանին համապատասխան։ Աշխատում ենք կազմել անցյալի ու ներկայի միջև կամուրջ եղող բովանդակություն։ Միևնույն ժամանակ նայում ենք, թե ինչպես են փոփոխվել վայրերն այդ ընթացքում։ Որոշակի տեղերում դեռևս կան անցյալի հետքերը։ Այդ վայրերն ավերակ են դարձել կամ էլ անցյալի որոշ հետքեր պահպանել են։ Դա ցույց է տալիս նաև այն, որ անցյալը ներկայում էլ շարունակվում է։ Նույն շինության նախկին ու ներկա վիճակին նայելով` կարելի է նրանց միջև եղած տարբերությունների վրա շեշտը դնել։ Շինության վրա առկա անցյալի հետքերը ցույց են տալիս, որ այն հնում տարբեր պատմություն է ունեցել, այնտեղ տարբեր մարդիկ են ապրել։ Այդ շինության նախկին վիճակն էլ այս ձևով պահպանում ենք։ Դա նախագծի մի մասն է։ Այն կարող ենք նմանեցնել Հրանտ Դինք հիմնադրամի «Մշակութային ժառանգություն» նախագծին։
Վարդուհի Բալյան
Թարգմանեց Անի Մելքոնյանը