Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը: Այս մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ունեցել ենք հարցերի բավական լայն շրջանակ, և առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ կար լարվածության որոշակի աճ, որը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ, ուստի մեր քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողությանը, քննարկեցինք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են, որ լարվածությունը նվազեցնենք, որ խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն վիճակը: Մենք ունենք այստեղ մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից ևս առաջ են բերվել, և կարծում եմ, որ այդ առումով կկարողանանք հասնել իրավիճակին, որ մինչև հաջորդ հանդիպումը գրանցենք՝ կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին: Խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարևոր է, որը պարունակում երկու կարևոր բաղադրիչ, մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը, մի միջավայրի, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ` հակառակը, երկրորդ՝ պետք է աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ, սա նույնպես մի համակարգ է, որը տարբեր գործառույթներ է պարունակում: Մենք ունեինք վիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար: Դուշանբեն պետք է դառնա Դուշանբե պլյուս, որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց դրեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եթե մենք ունենք զինադադարի խախտումներ և զոհեր, բնականաբար, ընդգծվում է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմների կարևորությունը, ինչպես նաև մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը, Սանկտ Պետերբուրգը և Վիեննան եղել են դրա մասին: Մեզ համար շատ էական են հենց այդ բովանդակային գործիքները, որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայր, որը նպատում է խաղաղ գործընթացին»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա` չի կարող արդյունավետ առաջընթաց լինել խաղաղ գործընթացում, եթե տեղում իրավիճակը լարվում է: «Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Այդ մոտեցումը ապագա չի ունենա: Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու: Չի լինելու իրավիճակ, որ մենք բանակցենք սպառնալիքի վտանգի ներքո: Չի կարող նման բան լինել: Մեր ինքնավստահությունը բավական մեծ է, և մենք սպառնալիքը ընդունող չենք»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ բանակցությունների արդյունավետության առումով կարևոր է ԼՂ մասնակցության հարցը: «Մեզ համար սա առաջին հերթին արդյունավետորեն ուժեղացնում է գործընթացը: ԼՂ-ն պետք է ուժեղացնի սեփականության զգացումը բանակցային գործընթացում: Սա նույնպես օրակարգային հարց է, և մենք քննարկել ենք այս հարցը: Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի մանրամասներին, այո, գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, և այդ խորհրդակցությունները, որոնք մենք անցկացնում էինք Վաշինգտոնում, դրանք նույնպես իրենց մեջ պարունակում էին տարրեր, թեև ուշադրությունն առաջին հերթին իրավիճակի և խաղաղ գործընթացի վրա ազդող միջավայրի վրա էր: Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի բովանդակային հարցերին, այստեղ դուք գիտեք, որ մեզ համար առաջնային խնդիրը վերաբերում է ստատուսին և ԼՂ -ի կողմից ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահման իրագործման գերակայությանը: Այս առումով նույնպես որոշ մտքեր փոխանակել ենք, գնահատել ենք տարբեր մոտեցումներ, պարամետրեր, նաև նախանշել ենք, որ մեզ անհրաժեշտ է նախապատրաստել այս գործընթացը»,- ընդգծեց արտգործնախարարը: